Դեկտեմբերի 20-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ներկայացրեց թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին:
Ռեժիսորն ասաց, որ խոստումներ չի տա ու կանխավարկածներից իրեն զերծ կպահի: Նա նաեւ «չգաղտնազերծեց», թե որն է լինելու թատրոնում իր բեմադրելիք առաջին ներկայացումը:
«Քաջ ծանոթ եմ թատրոնին ոչ միայն վերջին 2-3 տարիներին: Ստեղծագործական կազմի մի մասի հետ հանդիպել եմ այս բեմում, մյուս մասի հետ՝ իմ «Վարդապետի լռությունը» ֆիլմում: Իմ համոզմամբ, Համազգային թատրոնում հավաքված են լավագույններից շատերը, եւ եթե հաճույք չզգայի այդ մարդկանց հետ ճանապարհ անցնելը, չէի անցնի»,-շեշտեց պարոն Չալդրանյանը:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, Սոս Սարգսյանի հոգին այժմ թեւածում է դահլիճում ու թեեւ անհանգիստ է, բայց ժպտում է: «Տարիներ առաջ բարեկամական մի զրույցի ժամանակ, երբ ինքը իր թեկնածությունն էր առաջադրել նախագահի պաշտոնում, հետաքրքրվեցի, ասացի՝ վարպետ, եթե լինեիք երկրի նախագահ, ինչ կանեիք: Երկար լռելուց հետո Սոս Սարգսյանն ասաց՝ Վիգեն ջան, չգիտեմ մնացածը ոնց կլիներ, բայց իմ օրոք երկիրը բարոյական կլիներ: Ինքը 25 տարի երկրի ներսում ստեղծել էր մի փոքրիկ երկիր, որը բարոյականություն էր քարոզում: Հիմա, չնայած ձեռագրերի տարբերությանը, ես էլ ուզում եմ դա շարունակվի, մանավանդ ինձ համար թատրոն ասածը առողջարան է, հանդիսատեսը պետք է թատրոն գա՝ առողջանալու»,-հավելեց նորանշանակ գեղարվեստական ղեկավարը:
Նա նաեւ նշեց, որ իր նշանակումը պայմանավորված չէ նախագահի հետ մտավորականների՝ վերջերս կայացած հանդիպմանը մասնակցությամբ:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ ասաց, որ հնարավորություն է ստեղծվել փոքրաթիվ ներդրումների հաշվին թատրոնում առաջիկայում մեծ արդյունքներ գրանցել:
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը Վիգեն Չալդրանյանի հետ ճանապարհ է անցել ուղիղ ու փոխաբերական (ստեղծագործական) իմաստներով, ասում է՝ արժի նրա հետ աշխատել: «Մարդուն ճանաչելու համար, ասում են՝ պետք է ճանապարհ գնաս: Միասին եղել են Անգլիայում, Չինաստանում, Ֆրանսիայում, ընդ որում՝ խոսքը ճամփորդելու մասին չէ: Հասկացել եմ, որ Վիգեն Չալդրանյանը վստահելի մարդ է»,-համոզված է թատրոնի տնօրենը;
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ