«Ես տասնվեց տարի եմ անցկացրել Նյույորքյան բանտում՝ բռնաբարության ու մարդասպանության համար: Ազատազրկման էի դատապարտվել մի հանցագործության համար, որը ես չէի կատարել: Մեղադրական վճռի հիմքում իմ ինքնախոստովանական ցուցմունքն էր, ինձ ստիպել էին խոստովանել, որ ես եմ կատարել»,- այսօր Երեւանում «Դատական ճակատագրական սխալների ուղղման ամերիկյան փորձը» կլոր սեղան- քննարկման ժամանակ պատմեց «Ջեֆրի Դեսկովիչը՝ հանուն արդարության» հիմնադրամի նախագահ Ջեֆրի Դեսկովիչը:
Նրա խոսքով, 16 տարի բանտում անցկացնելուց հետո նրան հաջողվել է ապացուցել իր անմեղությունը, ինչը հաստատվել է ԴՆԹ թեստով. «Բարեբախտաբար, ԱՄՆ-ում կա այդ հնարավորությունը, որ նույնիսկ վճիռը կայացնելուց հետո կարող են գործերը վերաբացել. Իմ դեպքում, հիմնվելով ԴՆԹ թեստի վրա, հնարավոր է եղել ապացուցել, որ ես չեմ կատարել այդ հանցագործությունը: Եթե գործը չվերաբացեին, բնականաբար, հանցանքն էլ բացահայտված չէր լինի, ու ես դեռ կլինեի բանտում: Իսկ իմ անմեղությունն ապացուցելու հարցում առաջին հերթին շնորհակալ եմ Աստծուն, երկրորդը՝ ես երբեք չեմ հանձնվել, երրորդը՝ միշտ եղել են մարդիկ, որոնք հավատացել են, որ անմեղ եմ ու օգնել են ինձ: Այժմ իմ կյանքի պայքարն ուղղված է այն մարդկանց համար, որոնք անմեղ հայտնվել են բանտում»:
Դեսկովիչն արդարացվել է 2006 թվականին, ստացել է $41 միլիոն՝ $25 միլիոնը բանտում գտնվելու տարիների, $15 միլիոնը կրած ցավի, տառապանքի, $1, 65 միլիոնը կորցրած եկամուտների համար: Ստացած փոխհատուցման մի մասը նա ներդրել է իրավաբանական կրթություն ստանալու համար, իսկ նրա ստեղծած հիմնադրամի շնորհիվ արդեն երեսուն անմեղ անձանց օգնել է ազատություն ստանալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ