Ադրբեջանը համաձայնության է եկել Իսրայելի հետ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է contact.az-ը, հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
Իսրայելական կողմն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը, որը տարածվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցից հետո: Ուշագրավ է, որ համակարգի մշակումը ֆինանսավորել է ԱՄՆ-ը, և դրա մատակարարումների վերաբերյալ Իսրայելի կողմից ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում լուրջ կասկածներ կան:
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ ՀՀՊ համակարգերի մատակարարման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Իսրայելի համապատասխան կառույցների միջև:
«Երկաթե գմբեթ» ՀՀՊ տակտիկական համակարգերը մշակվել են իսրայելական Rafael ընկերության կողմից և նախատեսված են 4-70 կմ հեռավորությունից արձակած հրետանային արկերն ու մարտավարական չկառավարվող հրթիռները խոցելու համար։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանի ձեռք բերած «Իսկանդերների» դեմ իրենք պատրաստվում են պայքարել իսրայելական «Երկաթե գմբեթով»:
1in.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ անգամ եթե Ադրբեջանը կարողանա ձեռք բերել այդ համակարգերը, դրանք չեն կարող գործել «Իսկանդերի» դեմ: «Քիչ հավանական է, որ «Երկաթե գմբեթ» համակարգը կհայտնվի Ադրբեջանում: Եվ եթե անգամ հայտնվի, չի կարող լուծել տվյալ խնդիրները»,- ասել էր նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ