Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր դեմք՝ Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային ցուցակում

Դեկտեմբեր 19,2016 14:10

Շիրակի մարզի ՀՀԿ կառույցում արդեն իսկ որոշակիորեն հստակեցված են ԱԺ վարկանիշային ցուցակով առաջադրվողների անունները: Նրանց ցանկում են Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը, որը, ՀՀԿ-ականների համոզմամբ, մեծ ձայներ կհավաքի հատկապես Շիրակի մարզի գյուղերում: Մյուս թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է. այս պատգամավորը ամենաթեժ մրցակցային պայմաններում անգամ ունի իր կայուն ընտրազանգվածը Գյումրիում: Սուքիաս Ավետիսյանը եւս այս անգամ տեղ կզբաղեցնի վարկանիշային ցուցակում: Շիրակի մարզից առաջադրվելու է նաեւ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, նախկին թիվ 35 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արման Սահակյանը, ինչպես նաեւ Արթիկ-Մարալիկից ընտրված պատգամավոր Մուշեղ Պետոյանը:

Վարկանիշային ցուցակում նախատեսված է ընդգրկել նաեւ Սամվել Բալասանյանի փոքր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին: Տեւական ժամանակ Գյումրիում որպես պատգամավորացու շրջանառվում էր Սամվել Բալասանյանի մեծ որդու՝ Միսակ Բալասանյանի անունը, սակայն ՀՀԿ-ից մեզ տեղեկացրեցին, որ ցուցակ ընդգրկվելու է փոքր որդին: Այս երիտասարդը, ինչպես բնութագրում են ՀՀԿ կառույցից, կրթվում էր Չինաստանում՝ հետագայում իր երկրում քաղաքական գործունեություն ծավալելու համար: Երիտասարդն արդեն իսկ սկսել է համացանցում ու էկրաններում երեւալ, որոշակի բարեգործական ծրագրեր իրականացնել, նա վերջերս դարձել էր «Գյումրիի տեխնոլոգիական վերելքն իմ օրինակով» հեքեթոնի աջակիցը: Խաչատուր Բալասանյանն այդ իրադարձության ժամանակ անձամբ ներկայացնում էր «Բալասանյան ընտանիք» հիմնադրամը:

Նշենք, որ ՀՀԿ վարկանիշային ցուցակում կլինեն նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցեր «Ղարս» մասնաճյուղի ղեկավար Գագիկ Ֆարզադյանն ու «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը: Վերջիններս գլխավորում են բավական խոշոր կառույցներ, հասցրել են հանրապետականացնել տեղի աշխատակիցներին, հետեւաբար եւ նրանց ցուցակ են ընդգրկում հին մեթոդներով ձայներ ապահովելու համար: Ամենայն հավանականությամբ վարկանիշային ցուցակից դուրս կմնա Աշոտ Աղաբաբյանը:

Ի դեպ, ՀՀԿ կառույցից մեզ տեղեկացրեցին, որ վերոհիշյալ անձանց անունները գրավոր առաջարկի տեսքով դեռ ներկայացված չեն:

Նկատենք նաեւ, որ Գագիկ Ծառուկյանի՝ վերջերս Գյումրի կատարած այցը լուրջ մտահոգության մեջ է գցել տեղի ՀՀԿ-ականներին: Նրանք առավել քան վստահ են, որ ամենամեծ ընտրազանգվածը Գյումրիում կունենա ԲՀԿ-ի վարկանիշային թեկնածու Վարդեւան Գրիգորյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Խաչատուր Բալասանյանի լուսանկարը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031