2016թ. աշխատանքային պարտականությունները կատարելիս զոհվել է 57 լրագրող: Այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անցյալ տարի աշխարհում զոհված լրագրողների թիվը 67 էր:
Զեկույցում նշվում է, որ լրագրողները հիմնականում զոհվել են հակամարտությունների գոտում: Այդ առումով առաջին տեղում Սիրիան է՝ 19 զոհված լրագրող: Նրան հաջորդում են Աֆղանստանը (10 լրագրող), Իրաքը (7) և Եմենը (5):
Առաջին անգամ կազմակերպությունը սպանված լրագրողների ցուցակում ներառել է ոչ պրոֆեսիոնալ լրագրողներին՝ 9 բլոգեր և 8 այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, որոնք տեղեկություններ էին տրամադրում ԶԼՄ-ների աշխատակիցներին և դրա համար վճարել են իրենց կյանքով: Նախկինում նրանք ներառվում էին առանձին ցուցակում:
Կարդացեք նաև
Զեկույցում ընդգծվում է, որ «այս տարի զոհերի թվի զգալի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ լրագրողները փորձում են խուսափել ամենավտանգավոր երկրներից՝ Սիրիա, Իրաք, Լիբիա, Եմեն, Աֆղանստան, Բանգլադեշ և Բուրունդի»:
«Արդյունքում այս պետությունները վերածվել են տեղեկատվական «սև խոռոչների», գոտիներ, որտեղ իշխում է լիակատար անպատժելիություն»,- ասվում է զեկույցում:
Բացի այդ նշվում է, որ սպանությունների երեք քառորդն իրականացվել է միտումնավոր՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական գործունեությունը: «Այս ցուցանիշը ոչ միայն ցույց է տալիս լրագրողների դեմ ուղղված բռնության տագնապալի մակարդակը, այլև վկայում է ԶԼՄ-ների աշխատակիցների պաշտպանությանն ուղղված միջազգային նախաձեռնությունների տապալման մասին»,- ասվում է կազմակերպության զեկույցում:
Ընդհանուր առմամբ, վերջին 10 տարում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է առնվազն 780 լրագրող:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ