Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «Ասելով ամեն ինչ, Տեր-Պետրոսյանը որեւէ բան չասաց» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2016 12:21

Լեւոն Տեր-Պետրոսյանի ռազմավարությունը շատ պարզ է`հասարակության մեջ սեւ ու սպիտակի իրավիճակ ստեղծել`ցույց տալու համար, որ ինքը եւ իր գլխավորած ուժն են միակ ընդդիմադիրը, որ կարող են բան փոխել: Նման կարծիք այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում բարձրաձայնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն`անդրադառնալով շաբաթ օրը ՀԱԿ համագումարում, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Քաղաքագետը գտնում է, որ պետք չէ այդ հայտարարություններում բաներ փնտրել, քանի որ ոչ մի դետալ չկար նրա ասածներում. «Դրանք նախընտրական հայտարարություններ էին եւ հասարակության սրտերը նվաճելու միտում ունեն»:

Կհաջողվի՞ Տեր-Պետրոսյանին կրկնել 2008-ը`Սերգեյ Մինասյանը չգիտի: Կարծում է, որ իր հաջորդ քայլերում Տեր-Պետրոսյանը շեշտը դնելու է սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա`փորձելով ՀԱԿ-ի համակիրների շրջանակն ընդլայնել: Ըստ բանախոսի, այդ է պատճառը, որ հիմնական քննադատությունը գալիս է հենց ընդդիմադիր դաշտից, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեության արդյունքում իրենց ընտրազանգվածի պառակտման հարցն է լուծվելու:

«Ասելով ամեն ինչ, Տեր-Պետրոսյանը որեւէ բան չասաց», ամփոփում է Սերգեյ Մինասյանը: Արցախի հարցում զիջումների մասին Տեր-Պետրոսյանի հայտարարություններն էլ քաղաքագետն այսպես է մեկնաբանում. «Զիջումներից խոսեց, բայց ինֆորմացիա չկար»: Քաղաքագետի կարծիքով, զիջումների մասին առաջին նախագահի հայտարարությունները հանրության շրջանում մի պատկերացում է ստեղծում, որ ՀԱԿ-ի եւ իր վերադարձը կարող է խաղաղության հույսեր ստեղծել. «Գլխավոր նպատակը հասարակության մեջ սպասելիքներ ձեւավորելն էր, ինչպես արեց 2007-2008-ին»: Սերգեյ Մինասյանը չի կարծում, թե Տեր-Պետրոսյանի մոտ իլյուզիաներ կան, թե առաջիկայում հնարավոր է զիջումների գնալ, ուստի, իր այդ հայտարարություններն էլ դիտարկում է նախընտրական տրամաբանության շրջանակներում:

Մանրամասները`տեսանյութում

Քաղաքագետի բնորոշմամբ, ներքաղաքական-նախընտրական պատկերը հիմնականում պարզ է` իշխող կուսակցություն, ՀՅԴ, ԲՀԿ-ի ռեինկարնացիան, եռյակի միավորումը, որն իր վրա է փորձելու վերցնել արեւմտամետ ուժի դերը, ելնելով նրանից նաեւ, որ «Ժառանգությունը», որպես քաղաքական ուժ, գրեթե լուծարվել է: Կիսատ ինտրիգը՝ Վարդան Օսկանյան եւ այն: Այսպես ասած, կոնստրուկտիվ ընդդիմադիր դաշտի խնդիրը դեռ պարզ չէ, թեեւ իր համոզմամբ, ԲՀԿ-ն հենց այդ դաշտում է գործելու:

Արտաքին քաղաքական ոլորտում, մասնավորաբար, Արցախի հարցում, Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ ունենք փակուղի: «Ոչ մի փոխզիջումների մասին տեսանելի ապագայում չենք կարող խոսել: Ադրբեջանի համար, իբրեւ պարտվող կողմի, ավելի դժվար է զիջումների գնալ»,- ասաց նա:

2016-ին զիջումների մասին խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանը: Սերգեյ Մինասյանն ասում է. «Ադրբեջանը երբեք չի համաձայնի փոխզիջումների, մանավանդ, կարգավիճակի հարցում, որն ամրագրված է Մադրիդյան սկզբունքներում: Նրանք խոսում են միակողմանի զիջումի մասին: Հետեւաբար, հայաստանյան քաղաքական դաշտում բոլորն էլ կարող են խոսել այդ մասին`շատ լավ հասկանալով, որ Ադրբեջանն այդ սահմանը չի կարող անցնել: Բացի այդ, նման հայտարարությունները նաեւ քաղաքական դիվիդենտներ են տալիս»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031