Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանական թեկնածուն մնում է Կարեն Կարապետյանը

Դեկտեմբեր 19,2016 14:30

ՀՀԿ ընտրական շտաբը գլխավորելու
Հովիկ Աբրահամյանի հույսերը կարծես չեն արդարանում

Թեեւ ՀՀԿ-ականները պնդում են, որ կուսակցությունում «բարձր մակարդակով» դեռ չեն քննարկվել խորհրդարանական ընտրությունների մասնակցության հարցերը` դաշինքով կամ միայնակ, եւ ըստ այդմ՝ նաեւ ընտրացուցակների հարցերը, սակայն «ցուցակակռիվը» օրեցօր թեժանում է: Մասնավորաբար, քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ ավանդաբար ՀՀԿ համամասնական ցուցակով խորհրդարանում հայտնված որոշ պատգամավորների մասով գործընկերները ճիշտ են համարում այս ընտրություններին նրանց մասնակցությունը ռեյտինգային ցուցակներով: Դա նշանակում է, որ հաջորդ խորհրդարանում նրանց հայտնվելու հավանականությունը տեղափոխվում է, այսպես ասած, մրցակցային դաշտ` 50-50-ի հավանականությամբ: ՀՀԿ-ում, ասում են, ներքին պայքարը նորանոր դրսեւորումներ է ստանում:

Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Դեռեւս որեւէ մեկը հստակ չգիտի, թե ով որ ցուցակում է լինելու: Եվ երկրորդ` ընդհանրապես, նման խոսակցություններ բոլոր ժամանակներում էլ եղել են: Հիմա, կարծում եմ, այդ խոսակցությունները չեն կարող չգիտեմ ինչ աստիճանի լինել, քանի որ, ըստ իս, ցուցակներում ներգրավվածությունը լինելու է շատ: Այսինքն՝ ընտրացուցակում ընդգրկվածները հնարավորինս շատ պետք է մարզային կամ տարածքային ցուցակներում ընդգրկվեն: Ուստի, կարծում եմ, այժմ վաղ է խոսել նման բաների մասին: Պետք է վերջնական հասկանանք, թե ցուցակներն ի՞նչ կերպ են կազմվելու, հետո արդեն կարելի է նման խոսակցությունները կամ դրանց մասին լուրերը լուրջ կամ անլուրջ ընդունել»:
Մինչեւ ամանորյա տոները հստակություն կմտնի՞ ընտրացուցակների հարցում՝ Սուքիաս Ավետիսյանը չգիտի: «Առաջիկայում ՀՀԿ խորհրդի նիստ սպասվում է, կարծում եմ՝ շատ հարցերում հստակություններ կմտցվեն, բայց չեմ կարծում, որ խորհրդի նիստը նվիրված կլինի ընտրացուցակներին: Այդ նիստում պարզ կլինեն խորհրդի անդամները եւ կուսակցության ղեկավարի տեղակալների հարցերը»,- ասաց նա: ՀՀԿ ԳՄ ղեկավարի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է: Խոսակցություններ կան, որ հենց նա էլ լինելու է Սերժ Սարգսյանի առաջին տեղակալը կուսակցությունում: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հավակնություններն այս մասով, կարծես, չեն արդարանում: Սուքիաս Ավետիսյանն էլ հավանական է համարում, որ Կարեն Կարապետյանը կլինի ՀՀԿ ԳՄ նախագահի առաջին տեղակալը, բայց հորդորում է սպասել ՀՀԿ խորհրդի նիստի որոշմանը: Հետաքրքրվեցինք նաեւ` կա՞ որեւէ պատճառ, որ առաջիկա ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանը չգլխավորի ՀՀԿ ցուցակը, քանի որ, ըստ կուլիսային խոսակցությունների, հավանական է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը: «Արդեն ասվել է, որ որեւիցե պատճառ չկա, որ Սերժ Սարգսյանը չգլխավորի ՀՀԿ ցուցակը: Թե ապագան ինչ ցույց կտա` պետք է սպասել»,- ասաց նա:

Մամուլում գրվեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է լուսանցքում: Ասում են՝ նա վերջին պահին եւ մի կերպ է հաջողել համոզել Սերժ Սարգսյանին իրեն ՀՀԿ ԳՄ-ում ընդգրկել: Սուքիաս Ավետիսյանը գերադասում է չմեկնաբանել նման խոսակցությունները: Փաստում է. «Հովիկ Աբրահամյանն այսօր ԳՄ անդամ է: Նմանատիպ հրապարակումներին այս պարագայում, կարծում եմ, իմաստ չունի անդրադառնալ»: Նա արտառոց բան չի տեսնում նրանում, որ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնանկությունից հետո հրապարակային չէ. «Հրապարակային հանդես գալու ի՞նչ խնդիր կա առայժմ, երբ Հովիկ Աբրահամյանը կոնկրետ պաշտոն չի զբաղեցնում՝ բացառությամբ կուսակցական պաշտոնի: Երբ ժամանակը գա, երբ կուսակցությունը սկսի ակտիվ նախընտրական գործունեություն ծավալել, այդ ժամանակ, կարծում եմ, բոլորն էլ, այդ թվում նաեւ Հովիկ Աբրահամյանը, հանդես կգան հրապարակային»: Սուքիաս Ավետիսյանը ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու մասին խոսակցություններ էլ չի լսել, հետեւաբար չի կարող պատասխանել հարցին` Հովիկ Աբրահամյանի հավակնություններն այդ մասով ի՞նչ ընթացք կստանան. «Ոչինչ չեմ լսել, չեմ էլ կարող ասել, թե ինչ կլինի»:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

17.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031