Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրական մահացության երկու դեպքում եղել է բժշկական անձնակազմի անուշադիր վերաբերմունք

Դեկտեմբեր 19,2016 14:00

Հայաստանում արձանագրված մայրական մահացության ցուցանիշը մոտենում է եվրոպականին: Այս մասին վստահեցնում են առողջապահության ոլորտի պատասխանատուները: Այդուհանդերձ, մայրական մահացության յուրաքանչյուր դեպք լուրջ վերլուծության կարիք ունի, ինչն էլ, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի խոսքով, կատարվում է: Երեկ պարոն Խաչատրյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում մանրամասն անդրադարձավ ընթացիկ տարվա ընթացքում տեղի ունեցած մայրական մահացության դեպքերին: Այս տարվա ընթացքում հղի կամ ծննդաբերության ժամանակ ու դրանից հետո մահացել է 10 մայր:

Այս ցուցանիշն, ըստ փոխնախարարի, բարձր չէ, եւ այս առումով Հայաստանը բարվոք դիրքերում է: Ցուցանիշը հրապարակելիս հաշվի են առնվում երեք տարվա տվյալները, քանի որ Հայաստանը 5 միլիոն բնակչությունից պակաս երկրների շարքին է դասվում: Եռամյա ցուցանիշներն ամփոփելով՝ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ եթե մայրական մահացության ցուցանիշը 1999-2001թթ. եռամյա կտրվածքով եղել է 40.3 պրոմիլե 100.000 կենդանածնության հաշվով, ապա 2014-2016-ին` 18 պրոմիլե` 100.000-ի հաշվով: Նախորդ եռամյա ցուցանիշը 18,8 պրոմիլե էր:

Տասը մահից 7-ի պատճառը, Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ, եղել են հղիության հետ չկապված ախտաբանություններ: «Լյարդի սուր անբավարարություն եւ լյարդային կոմա, գեներալիզացված տուբերկուլյոզային ինտոքսիկացիա, գլխուղեղի անոթների ինքնաբուխ պատռվածք տանը։ Մյուս 3 դեպքերում մահվան պատճառը հետծննդյան արյունահոսությունն է եւ հեմոռագիկ շոկը»,- պարզաբանեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ երկու մահ այս տարվա հունվարին արձանագրվեց վիրուսային գրիպից, եւ երկու կնոջ մոտ հաստատվել էր թոքաբորբ: Կանանցից մեկի մահը տեղի էր ունեցել ծանր թոքաբորբի եւ դրանից առաջացած բարդությունների պատճառով: Մայրական մահացության մեկ այլ դեպք էլ գրանցվել էր ծննդաբերությունից հետո` աղիների անանցանելիության, տրոմբոզի պատճառով: Մեկ դեպքում էլ ծննդկանը եղել է ռեւմատիզմով քրոնիկ հիվանդ եւ ունեցել է սրտանոթային խնդիրներ:

Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ մահացած մայրերից մեկը հիվանդանոց է բերվել սուր լյարդային անբավարարությամբ` հեպատիտ Ց-ով, որի մոտ բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել: Նշյալ կինը բնակության վայր չի ունեցել եւ բնակվել է փողոցում. հիվանդանոց տեղափոխվելուց որոշ ժամանակ անց մահացել է:

Մահացած ծննդկաններից մեկը մահացել է Վեդիում` տան պայմաններում:
36 շաբաթական կնոջ մոտ ինսուլտ է առաջացել, ինչի պատճառով էլ մահացել է. «Այդ մասին իմացել են մեկից երկու ժամվա ընթացքում, եւ որեւէ բան անել հնարավոր չի եղել»,- նշեց պարոն Խաչատրյանը: Ըստ նրա՝ մայրական մահացության երեք դեպք տեղի է ունեցել արյունահոսությունների պատճառով:

«Անկախ նրանից՝ էքստրագենիտար է, թե հղիության հետ կապված դեպք, մենք նախարարի հրամաններով ստեղծված հանձնաժողովներ ունենք, դրանք իրենց աշխատանքը իրականացրել են, եւ երեք դեպքով էլ վերհանվել են այն վարման, բուժման հետ կապված թերությունները, որոնց վերաբերյալ շրջաբերական նամակով ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներին տեղեկացրել եւ հորդորել ենք, որ կան քայլերի հաջորդականություն, որոնք պարտադիր են կատարման»,- ասաց պարոն Խաչատրյանը` նշելով, որ տեղերում կրկին ուսուցման գործընթաց են սկսել այն կլինիկական ուղեցույցներով, որոնք գոյություն ունեն եւ օգտագործվում են: Պարոն Խաչատրյանը փաստում է, որ առնվազն երկու դեպքերում եղել է բժշկական անձնակազմի անուշադիր վերաբերմունք, որը կարող էր հանգեցնել արյունահոսության եւ դրա հետեւանքով կատարված միջոցառումների ժամանակ անմիջական մահվան առաջացման. «Մենք վերհանել ենք այն բոլոր թերությունները, որոնք այս երեք դեպքով եղել են, եւ տեղեկացրել ենք ամբողջ համակարգին: Այս երեք դեպքերով ընթանում են քննչական գործողություններ, եւ, իհարկե, այդ աշխատանքների ավարտից, դատական գործընթացների ավարտից հետո միայն հնարավոր է խոսել բժշկական սխալի կամ անձնակազմի սխալի մասին: Մենք, որպես առողջապահության նախարարություն, չունենք իրավասություն ինչ-որ մեկին` բժշկի կամ բուժքրոջ աշխատանքի գնահատական տալ որպես բժշկական սխալի»:

Փոխնախարարն ասաց, որ իրականացվում է բարձր ռիսկայնության հղիների մոնիթորինգ, եւ վերջին վեց ամիսների ընթացքում ծննդատներից եւ կոնսուլտացիաներից ստանում են ռիսկային հղիների անվանացանկը: Դրա հիման վրա առաջատար մասնագետները այցելություններ են իրականացնում եւ ռիսկային հղի կանանց մոտ վարման կոնսուլտացիաներ անցկացնում` փորձելով նվազեցնել այդ ռիսկը եւ ժամանակին արձագանքել նրանց կարիքներին եւ հղիների համար ապահովել անվտանգ ծննդաբերություն:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

17.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031