Այս պատմությունը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, ով զբոսաշրջության է մեկնում արտերկիր, եւ հնարավոր պատահարներից զերծ չի մնում:
Ծննդյան տարեդարձը նշելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 5-15-ը զբոսաշրջության նպատակով Հայաստանի քաղաքացիներից մեկը՝ երկրորդ կարգի անժամկետ հաշմանդամն ամուսնու հետ մեկնում է Ֆրանսիա՝ Փարիզ։ Վիզա ստանալիս Ֆրանսիայի դեսպանատան պահանջով կնոջ անվամբ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերությունից վերցվել է «Աջակցության ապահովագրության ԱԱ II 071637» վկայագիրը։
Ինչպես Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտված քաղհայցի քննության ժամանակ հայտնեց հայցվոր կնոջ ներկայացուցիչը՝ փաստաբան Գագիկ Խաչատրյանը, հոկտեմբերի 9-ին փողոցում քայլելիս ոլորվում է հայցվորի ոտքը։ Եվ քանի որ կինը չի կարողանում քայլել, նրան էլ ամուսինը միայնակ չէր կարող թողնել փողոցում, ստիպված դիմում են Փարիզի հիվանդանոցներից մեկի օրթոպեդ բժշկին՝ կոնսուլտացիա ստանալու համար։ «Բժիշկը զննեց եւ ուսումնասիրեց ոտնաթաթը, ծունկը, կոնքը, հայտնեց, որ իր հիվանդը չի, անհրաժեշտ է նրան ողնաշարի եւ կոնքային շրջանի հյուսվածքների շերտային հետազոտություն անցկացնել, որից հետո նա Փարիզում հայտնված կնոջը համապատասխան բուժհաստատության ուղեգիր տվեց։ 12.10.2015թ. եւ 13.10.2015թ. հայցվորին ինչ-ինչ սրսկումներ են անում, նա ենթարկվել է ՄՌՏ հետազոտության, բժշկական միջամտության եւ սրսկումների արդյունքում հայցվորի կոնքային ցավերն անցել են։ Մինչ օրս որեւէ ցավ առկա չէ: Կատարված բժշկական ծառայությունների դիմաց հայցվորը կատարել է 1900 եվրո ընդհանուր գումարի վճարումներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանը:
Երեւան վերադառնալուց հետո հայցվորը հոկտեմբերի 22-ին 1900 եվրո գումարի չափով հատուցման դիմում է ներկայացրել ապահովագրական ընկերությանը, սակայն մերժվել է նրանց իսկ եզրակացությամբ։
Կարդացեք նաև
Գագիկ Խաչատրյանը դիմել է ֆինանսական համակարգի հաշտարարին, սակայն հինգ ամիս ձգձգումից հետո այս տարվա ապրիլի 1-ին ստացվել է հաշտարարի կողմից հաշմանդամ կնոջ պահանջը մերժելու մասին որոշումը։
Ի դեպ, լուսանկարներում պատկերված ապահովագրական ընկերության վկայագրից պարզ է դառնում, որ առաջնայինը եղել է ուղեբեռի կորցնելու համար պատասխանատվության կրումը:
Ապահովագրված ուղեբեռի դեպքում ապահովագրական պատահար տեղի ունենալիս զանգահարելու համար նշված էր հայաստանյան +374 10-04-04 հեռախոսահամարը, իսկ ճամփորդության ընթացքում ապահովագրության վկայագրով նախատեսված պատահարներ տեղի ունենալու դեպքում զանգահարելու համար չի նշված հայաստանյան որեւէ համար։ Սա այն դեպքում, երբ վկայագիրը տալիս է հայաստանյան ապահովագրական ընկերությունը, որի պետական լեզուն հայերենն է՝ համաձայն «ՀՀ լեզվի մասին» օրենքի:
Ապահովագրական ընկերության կողմից տրամադրված վկայագրի դարձերեսին նշված են 15 երկրների հեռախոսահամարներ, որոնց կարելի է դիմել ճանապարհորդության ընթացքում ապահովագրության վկայագրով նախատեսված պատահարներ տեղի ունենալու դեպքում, որոնց մեջ, սակայն, ֆրանսիական հեռախոսահամար նշված չէ:
Մեկ այլ խնդիր էլ կար. հայցվորն անմիջապես չի զանգել ապահովագրական ընկերությանը, քանի որ ըստ Գ. Խաչատրյանի՝ «ենթադրյալ հեռախոսահամարին զանգահարելիս, վկայագրի 13.1.1, 13.1.2, 13.1.3 եւ 13.1.4 կետերի պահանջը կատարելու համար անձը առնվազն պետք է գոնե խոսակցական մակարդակով ազատ կարողանա շարադրել պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը, որը նա չէր կարող իրականացնել՝ որեւէ օտար լեզվի չտիրապետելու պատճառով»։
Դատարանում հայցվոր կողմը ներկայացրել էր Փարիզի Դը Շազել, 21 փողոցի վրա գտնվող, Դոկտոր Քրիստոֆ Բյուղի՝ օրթոպեդիայի եւ վիրաբուժության բուժհաստատությունում կատարված զննման փաստաթղթերը, հայցվորի նկատմամբ մասնագիտացված բժշկի կողմից նշանակված բուժական միջոցառումների մասին։
Պատասխանողի ներկայացուցիչը՝ Գ.Հարությունյանը, դատարան էր ուղարկել իրենց առարկությունները: Ըստ ապահովագրական ընկերության, հայցվորին տրամադրված վկայագրի համաձայն՝ ճանապարհորդության ընթացքում ապահովագրության վկայագրով նախատեսված պատահար տեղի ունենալու դեպքում ապահովադիրը անհապաղ պետք է զանգահարի «AXA» կամ «AP» սպասարկող ընկերություններից որեւէ մեկին եւ հայտնի պատահարի մասին: Ապահովագրական հատուցում ստանալու նպատակով Գագիկ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ընկերություն:
Մինչդեռ, պատահարի վերաբերյալ հայցվորը չի զանգահարել «AXA» կամ «AP» ասսիսթենս կազմակերպություններին: Ընկերությունը ապահովադիրին հատուցել է տասնյոթ հազար ՀՀ դրամը, որպես թարգմանության գումար. նոտարական վավերացմամբ թարգմանվել էին բժշկական փաստաթղթերը: Նկատենք, որ անգլերեն լեզվով գրվածը տրամադրվել էր հայ զբոսաշրջիկին, եւ որեւէ անհասկանալի հարց չառաջացավ, մինչդեռ զբոսաշրջիկից պահանջվեց հայերեն բժշկական թարգմանությունը: Ապահովագրական ընկերությունը վկայակոչել էր, թե որ դեպքերում կարող էր անձն իրենց անմիջապես չզանգահարել. առողջության հանկարծակի խանգարում եւ օրգանիզմի նորմալ կենսագործունության խախտում, որոնք առաջացել են ներքին կամ արտաքին գրգռիչների հետեւանքով եւ պահանջում են անհետաձգելի եւ միայն տվյալ տեսակի բժշկական օգնություն, ընդ որում՝ տվյալ վատացումը պետք է լինի իր բնույթով ոչ քրոնիկ հիվանդության դրսեւորում կամ քրոնիկ հիվանդության կյանքին վտանգ սպառնացող սրացում, ընդ որում՝ նման գանգատներ առաջին անգամ պետք է ի հայտ եկած լինեն ապահովագրության ժամկետի ընթացքում եւ ապահովագրական տարածքում գտնվելու ժամանակ: Նաեւ՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, սրտի կաթված, սրտի իշեմիկ հիվանդություն եւ դրա հետեւանքներն ու սրացումները եւ՝ կոմա: «Հայցվորը չի կատարել կանոններով սահմանված իր պարտավորությունները՝ չի զանգահարել «AXA» կամ «AP» ասսիսթենս կազմակերպություններին եւ բժշկական ու դրա հետ կապված ծախսերը չի համաձայնեցրել սերվիսային ընկերության կամ ապահովագրողի հետ»,- առարկել էր ընկերությունը:
Ի դեպ, ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից գործի քննության ընթացքում ներգրավվել է բժիշկ-փորձագետ, որի տրված եզրակացությունն էլ դրվել է ապահովագրող ընկերության եւ դատարանի իրավական գնահատականների հիմքում, որպես ապացույց: Մինդեռ դատական քննության ժամանակ այն որպես ապացույց չի հետազոտվել:
Ըստ այդ փորձագետի, որի անձի մասնագետ լինելու հետ կապված հայցվորն ուներ կասկածներ, «հայտնաբերվել է դիստրոֆիկ-դեգեներատիվ փոփոխություններ, աջ ծնկան հոդի նոր սկսվող արթրոզ, աջից նստատեղի չափով տենդոբուրսիտի պատկեր եւ ձախակողմյա կոքսալգիա: Տվյալ պարագայում հայցվորի մոտ որեւէ տրավմատիկ վնասվածք կամ ոտքը ոլորելու արդյունքում ի հայտ եկած իրավիճակ նկարագրված չէ որեւէ բժշկական փաստաթղթում, իսկ ոտքը ոլորելու մասին առկա են միայն ապահովագրված անձի խոսքերը: Հաշվի առնելով վերոգրյալը, ձախ ոտքի վերաբերյալ առհասարակ բացակայում է ինչպես հիմնավորված գանգատը, այնպես էլ որեւէ գրառում տրավմայի տեղի ունենալու մասին, ինչպես նաեւ նշված հստակ ախտորոշումը, ինչը կանոնների 14.2.2. կետի համաձայն հանդիսանում է մերժման հիմք»:
Հայցվորի ներկայացուցիչը առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի մերժման վճիռը մտադիր է բողոքարկել վերաքննիչ քաղաքացիական դատարանում. «Ապահովագրական ընկերության կանոններով նախատեսված պահանջը համընկնում է իմ վստահորդի հետ տեղի ունեցած ապահովագրական պատահարին, որը նախատեսված է «Աջակցության ապահովման վկայագրի» կանոնների 9.2.1 կետով: Այն չի ընդունում «Արմենիա Ինշուրանս» ընկերությունը, քանի որ նպատակը, իմ կարծիքով, ապահովագրական վճարում կատարելուց խուսափելն է»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարները՝ հեղինակի
Հ.Գ. Ի դեպ, մերժման հիմքերի մեջ կանոնների 13.13.1 կետում հղում է արվում կանոններում գոյություն չունեցող 8.3 եւ 8.9 կետերին:
«Առավոտ»
17.12.2016