ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էմանվել Մանուկյանի հուշերը՝ Տիգրան Լեւոնյանի հոբելյանի առիթով
Մեկ անդրադարձի շրջանակում հնարավոր չէ տեղավորել մի այնպիսի երեւույթ, որպիսին էր Տիգրան Լեւոնյանը. օպերային երգիչ, ռեժիսոր, թատրոնի ղեկավար, նկարիչ, սրամիտ պատումների ու տարողունակ ասույթների հեղինակ, ռադիոհեռուստահաղորդումների հեղինակ, Երաժշտական թատրոնների եվրոպական ակադեմիայի իսկական անդամ…
Լրացավ անվանի արվեստագետի ծննդյան 80-ամյակը:
Ժամանակին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էմանվել Մանուկյանը Տիգրան Լեւոնյանի արվեստի բազում անդրադարձների թվում հրատարակեց նաեւ «Սեւեռում» գիրքը, որն ընդամենը ոչ լրիվ մի ծաղկաքաղ էր ականավոր արվեստագետի գրքերից, հրապարակումներից, մի շարք ձեռագրերից, ինչպես նաեւ նրա արվեստն ուղեկցող հիացական արձագանքներից:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Մանուկյանը ներկայացրեց 1-2 դրվագ. «Կար ժամանակ (խոսքը 1990-ականների, մասնավորապես՝ ղարաբաղյան պատերազմի շրջանի մասին է), երբ օպերային թատրոնի ամեն հերթական, խիստ սուղ միջոցներով արված աշխատանք երեւույթ էր դառնում, ոգեւորության ալիք բարձրացնում… Դրանք յուրատեսակ հաղթանակներ էին պատերազմական օրերի խավարչտին բովում: Մաքառող երկրի օպերային ջոկատը արդարացնում էր ռազմավարական առաջամարտիկի իր կոչումը եւ ոչ թե նրանով, որ իրեն իբրեւ բացառություն շուրջօրյա էլեկտրականություն էին արտոնել, այլ որ մարդիկ գտնում էին այդտեղ ե՛ւ լույս, ե՛ւ հույս, ե՛ւ հավատ: Եվ այդ ամենը շնորհիվ թատերախմբում տիրող ինքնամոռաց նվիրման այն մթնոլորտի, որի ներշնչողը՝ բոլոր մեծ ու փոքր խոչընդոտների, օբյեկտիվ թե արհեստականորեն սնուցվող դժվարությունների, մեկ մարդ էր՝ թատրոնի ղեկավարը՝ Տիգրան Լեւոնյանը»:
Մեր զրուցակցին խնդրեցինք թեկուզ մի քանի մասնավոր, բայց տպավորիչ մանրագծերով թարմացնել կամ որոշ չափով լրացնել անզուգական վարպետի նկարագիրը՝ թե նրանց համար, ովքեր եղել են իր արարումների վկան ու մասնակիցը, թե նրանց, ովքեր երջանկություն չեն ունեցել վայելելու լեւոնյանական արվեստի հմայքը: Պարոն Մանուկյանը մեկառմեկ հիշեց Տիգրան Լեւոնյանի, նրա տիկնոջ՝ անկրկնելի Գոհար Գասպարյանի համատեղ դերերգերը ինչպես մեր օպերայում, այնպես էլ արտասահմանում, անուն առ անուն թվարկեց ռեժիսոր Լեւոնյանի աշխատանքները՝ «Անուշից», «Օթելլոյից» մինչեւ Դոնիցետիի «Պողիկտոսի» արձագանքը անգամ իսպանական Մերիդայում՝ օպերային թատրոնների միջազգային փառատոնում, իսկ մինչ այդ նաեւ Մեծ թատրոնում: Իմիջիայլոց, ժամանակին «Իզվեստիան» էլ գրել էր, որ առհասարակ նման ներկայացում չէր տեսել…
«Պողիկտոսն» իսկապես համաշխարհային մակարդակի բարձրակարգ բեմադրություն էր… Իսկ «Անուշի» լեւոնյանական ընթերցումը ոչ միայն պարզապես տպավորիչ էր, այլեւ որոշակի առումով անսպասելի այն աստիճան, որ նույնիսկ շփոթմունքի մատնեց որոշ պահպանողական երաժշտագետների»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հիշեցրեց նաեւ այս ներկայացման բեմելը Զվարթնոց տաճարի տարածքում: Իր խոսքերով՝ մեր թատրոնի «Օթելլոն» կարելի էր համարձակորեն դասել դրամատիկ թատրոնի հռչակավոր օթելլոների շարքը. «Տաթեւիկ Սազանդարյանի տպավորությամբ՝ Տիգրանի «Օթելլոն» ուղղակի ապշեցրեց, իսկ Սեւիլիայում, Լա Կորունյայում, Խիխոնում եւ մի շարք այլ քաղաքներում Երեւանի օպերային թատրոնի «Օթելլոն»՝ գլխավոր դերակատարի անընդմեջ, նաեւ ֆիզիկական մեծ լարում պահանջող բարձրարվեստ կատարումները, իսպանական մամուլի բնորոշմամբ համարվեցին Գինեսի գրքին արժանի»:
Էմանվել Մանուկյանն անդրադարձավ նաեւ կինոարվեստում Լեւոնյանի աշխատանքներին, նշելով, թե մեղք արած կլինի, եթե գոնե երկու նախադասությամբ չանդրադառնա այդ ոլորտին. «Կարինե» ֆիլմում Տիգրանը խաղաց Մարգար եւ երգեց երկու դերերգ (տենորի եւ բարիտոնի համար գրված): Լեւոնյանը գրել է նաեւ կինոսցենարներ, նկարահանել առաջին հայկական ֆիլմ-օպերաները՝ «Ալմաստը» եւ «Արշակ Երկրորդը», ուր կատարել է նաեւ գլխավոր դերը: Եվ իհարկե՝ լինելով իր հանճարեղ կնոջ՝ Գոհարի մեծ երկրպագուն, արվեստագետի իր բարձր ճաշակով եղել է մեր սոխակի առաջին ունկնդիրն ու խորհրդատուն…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Տիգրան Լեւոնյանն ու Էմանվել Մանուկյանը
«Առավոտ»
17.12.2016