2014թ. ապրիլի 1-ին Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում կրակոցներ էին հնչել: Իջեւանի հարակից Գետահովիտ գյուղի մի խումբ բնակիչներ, «Այո» մականունով Աշոտ Այդինյանի գլխավորությամբ` մի հողատարածքի հետ կապված խնդրով գնացել են ռեստորանային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի հետ «հարցեր պարզելու»: Ա. Խոջումյանը տեսնելով համալիր մտնողներին, կրակ էր բացել, երկուստեք հնչել էին կրակոցներ:
Դեպքից հետո սկզբում մեղադրանք էր առաջադրվել Աշոտ Այդինյանին, սակայն հետո է նա ազատ է արձակվել, մեղադրանք է առաջադրվել Ա. Խոջումյանին, քրեական գործի ապացույցները կեղծելու համար՝ ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանին եւ Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին:
2015 թ. օգոստոսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Անդրանիկ Խոջումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով մեղավոր է ճանաչել եւ նրան դատապարտել 6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման, Ա. Ազիբեկյանին եւ Ա. Ավետիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, Ազիբեկյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, Ավետիսյանին՝ 4 տարվա ազատազրկման:
Այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացվել; 2016թ. մարտի 29-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը որոշել է Ա. Ազիբեկյանի պատժաչափը փոխել, այն դարձնել չորս տարվա ազատազրկում , Ա. Ավետիսյանի պատժաչափը թողնել նույնը, Ա. Խոջումյանին մեղավոր ճանաչել 137 հոդվածի 1-ին մասով, նրան ազատ արձակել:
Կարդացեք նաև
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը խախտելով բողոք ներկայացնելու համար սահմանված մեկ ամիս ժամկետը՝վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել: Վճռաբեկ դատարանը բողոք ներկայացնելու ժամկետը խախտելը հարգելի է համարել եւ բողոքը վարույթ ընդունել: Առաջիկայում քրեական գործերով վճռաբեկ դատարանում տեղի կունենա վճռաբեկ բողոքի քննությունը:
Ա. Խոջումյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի վերաքննիչ բողոքում նշվել է, որ հաշիվներ պարզելու համար Աշոտ Այդինյանը համագյուղացիների հետ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիր է եկել 5 ավտոմեքենայով, դեպքի ժամանակ «Այոն» գործի է դրել ոչ թե գազային, այլ մարտական ատրճանակ, որն ապացուցվել է դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ, դատաձգաբանական փորձաքննությամբ, վկաների ցուցմունքներով:
Տավուշի մարզային քննչական վարչությունում Աշոտ Այդինյանի վերաբերյալ քրեական գործ էր քննվում ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով («Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը»): Սակայն Տավուշի մարզի դատախազությունը 2015թ. այդ քրեական գործը կարճել է:
Հավելենք, որ մոտ երկու շաբաթ է, ինչ ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանը դուրս է եկել ազատազրկման վայրից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ