Կանանց +75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալը անցած շաբաթ վերադարձրել է՝ այն հանձնելով ՀԱՕԿ-ին: «Շատ դժվար էր, բայց ինչ արած՝ անհասկանալի սկանդալային պատմություններից հետո պետք էր հանձնել: IWF-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Բայց ես հեշտ հանձնվողներից չեմ: Հիմա էլ ամեն օր մարզվում եմ: Մտադիր եմ մնալ ծանրամարտում եւ առաջիկա չորս տարիների ընթացքում բոլորին ապացուցել, թե Հռիփսիմե Խուրշուդյան մարզիկն իրականում ով է», – ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ