Հայրենյաց զինվոր քեռիս
Ապրիլյան պատերազմի առաջին օրն էր, ներս մտա նրանց դռնից, դատարկություն էր: Մխից սեւացած պատերի մեջ կանգնեցի, ձայն չկար: Փնտրեցի, գտա… ահա նա, նստել է բազմոցին՝ մտահոգ, գլուխն ափերի մեջ առած: Ճակատին կնճիռների շարան էր գոյացել, ծերացել էր դեմքով… չնկատեց ինձ, չգիտեի՝ խոսել, թե չէ… բայց ի՞նչ ասել, գրողը տանի, ի՞նչ ասել: Դրսից լսվեց շան հաչոցը, սթափվեց, ասես արթնացած լիներ մղձավանջից. «Եկե՞լ ես բալես, գնա- գնա հաց կեր»:
Գնացի խոհանոց, այնտեղ տեսա կնոջը, քեռուս սիրելի կնոջը: Մտամոլոր՝ պատից պատ էր գնում, ինքն իրեն խոսելով. «Առողջություն չունի, բայց կգնա, արգելել չենք կարող ու ոնց արգելենք, ինչ ասենք, երբ ջահել, անփորձ երեխեքն են դիրքում զոհվում»:
25 տարվա ամուսիններ են այս հարազատ հոգիները, իրար գտել են 80-ականների ցույցերի ժամանակ ու ապրել …
Նեղ դռնով հետ գնացի, քեռիս չկար: Բակից ձայներ լսվեցին, դուրս եկա, կենդանիներին էր կերակրում, սիրամարգ ուներ՝ ուր գնար, վազում էր հետեւից, շան նման:
Ժամանակին մայոր էր քեռիս, հետո թողեց գործն ու սկսեց զբաղվել հողագործությամբ: «Թող ոչ մեկը գլխիս չլինի, չգա մի վերադաս ինձ ասի, կգնաս սրան կընտրես»,- ասում էր նա:
Կարդացեք նաև
Տուն եկա, մտքով դեռ այնտեղ էի, այն հին պատերի մեջ: Արցախյան ազատամարտին մասնակցած զինվորի համար ցավն ավելի ուժեղ է ..Նրանցից էր նաեւ քեռիս: «Գալիս էր տուն, մամայենց ասում՝ գնում եմ գործուղման, մենակ ես գիտեի ուր է գնում Ջիվանը, գնում էր, ամիսներով չկար, լուր չկար, զենք էր տանում «չանգյալ- դանակի» գործարանից, ամիսներով մնում կռվի դաշտում, վախկոտներից չի եղբայրս, փող սիրողներից չի… շահ չուներ, ոչինչ չուներ, մի հայրենիք ուներ ու գիտեր դրա արժեքը, հասկանում էր դրա իրական կարեւորությունը»,-պատմում էր մայրս: «Հիշում եմ՝ եկեղեցի էի գնում ամեն օր, մոմ վառում նրա համար, կռվող տղերքի համար: Մի օր ոտքիս կոշտուկ էր եղել, մի կերպ էի քայլում, բայց եկեղեցի գնալն ավելի կարեւոր էր, ուխտի էի գնում, դա էր նրան մեզ կապող թելը, վախենում էի կտրվեր: Հենց այդ նույն օրը եկեղեցուց հետ գալուց, ճանապարհին տեսանք իրար: Չգիտեի, որ գալու էր, հեռախոս չկար, նամակի ժամանակ էլ չկար: Դեմքը կորած էր երկար մորուքի մեջ, ինքը լրիվ կեղտոտ… Մի կերպ ճանաչեցի եղբորս»,-մորս պատմությունն ընդհատվում է, այդ պահին մարդ մտավ ներս, մայրս արագ մաքրեց աչքերից հոսող արցունքները եւ մենք թողեցինք խոսակցությունը:
Հաջորդ օրն իմացա, որ գնացել է քեռիս, զանգ տվել մորս, ասել է. «Ղարաբաղ եմ գնում քուրո, լավ նայեք ձեզ»: Մայրս չհասցրեց մի տառ ասել… հեռախոսն անջատված էր: Անցավ 18 օր, երկար 18 օրեր… ապրիլյան պատերազմի թեժ օրերն անցան, լուր չունեինք, զանգ չկար: Նա այնտեղ էր՝ իր սարերի մեջ, իր հողի գրկում, տղերքի հետ, ոնց ինքն էր ասում՝ «տղամարդ տղերքի» հետ ու կտրված աշխարհից: 18-րդ օրն իմացանք, որ բժիշկն արգելել է մնալ դիրքերում: Թալիշում էր եղել քեռիս: Երեխեքին էր թողել դիրքերում: Հետ եկավ, բայց այլեւս այնքան ընկճված չէր: Շատ հարցեր տվինք, մի բան ասաց. «Հերոս տղերք ունենք, ջահելություն եմ ասել, է…» : Այդ ջահելությունն է մեզ փրկել ապրիլին ու նրանց իրապես ոգեւորող ավագ սերնդի հայրենյաց պաշտպանները….
ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
17.12.2016