Հրապարակվել է Առլեն Շահվերդյանի նոր էլեկտրոնային գիրքը՝ «Արդեն ունեմ» վերնագրով, որը նվիրված է մարդ-բնություն ներդաշնակ հարաբերության արժեքավորմանը: Գրքի հիմքում իրական մոտիվներ են, իսկ սյուժեն հեղինակը յուրովի զարգացրել է՝ ուշադրություն հրավիրելով բնությունից մարդու հեռացման բացասական հետևանքների վրա: Գրքի գլխավոր հերոսի կյանքի պատմության օրինակով հեղինակը շոշափում է համամարդկային խնդիրներ, ինչի շնորհիվ ընթերցողը հնարավորություն է ունենում վերաիմաստավորելու նաև սեփական կյանքն ու իր համար կարևոր արժեքները: Բնապատկերների ինքնատիպ, կենդանի ու մանրամասն նկարագրությամբ հեղինակը ընթերցողին անմիջապես տեղափոխում է դեպի բնության գիրկը՝ դարձնելով ներկայացվող իրադարձությունների ականատեսը:
Առլեն Շահվերդյանը 5 հրատարակված և 7 էլեկտրոնային գրքերի հեղինակ է, որոնք լայն տարածում են գտել ընթերցողների շրջանում և նրանց կողմից ընթերցվում են գորովանքով: Հեղինակի գրքերը («Ապրելու իրավունք», «Լռության գինը», «Գարնանային ռեքվիեմ», «Զատիկ Լեոն», «Ամանորյա հեքիաթ») և բազմաթիվ պատմվածքները, այդ թվում՝ «Թրքուհու գաղտնիքը», «Ապրումակցում», «Տեսնել հեռուն», զգալի ճանաչում են վայելում ընթերցողների շրջանում, իսկ նրա բանաստեղծությունները շատերի համար վաղուց արդեն դարձել են սիրելի ու անբաժան ուղեկիցներ: Հեղինակի գրքերը վաճառվում են գրախանութներում, իսկ դրանց էլեկտրոնային տարբերակները ներկայացված են նրա գրական կայքի «Գրքեր» բաժնում (տես):
Գրողը լիահույս է, որ «Արդեն ունեմ» վերնագրով իր նոր էլեկտրոնային գիրքը կարժանանա ընթերցողների գնահատանքին ու կընթերցվի հետաքրքրությամբ և հաճույքով: