Կանանց առաջխաղացմանն ուղղված ծրագրերով հայտնի «ՕՔՍՖԱՄ» միջազգային կազմակերպությունը և «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամն, ամփոփելով «Հավասար. տնտեսական հզորացումից դեպի քաղաքական մասնակցություն» ծրագիրը, մրցանակների արժանացրեցին նաև լրագրողներին։
«Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն ուրբաթ կայացած միջոցառմանը նշեց, որ անցյալ տարվանից մեկնարկած«Հավասար» քարոզարշավ նախաձեռնությունը հիմնականում միտված է կանանց տնտեսական գործունեությունից մինչև քաղաքական մասնակցության խթանումը։
«Նախաձեռնության հիմնական նպատակն է, որ կանայք, հատկապես գյուղական համայնքներում, ովքեր գտնվում են վատ կացության մեջ, ապահովվեն եկամուտներով և որոշում կայացնողների ատյաններում կարողանան ներգրավվել,֊ասում է Հակոբյանը՝ հավելելով, որ դաշտն ուսումնասիրելու համար կատարել են բազմաթիվ հետազոտություններ,-մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ կանանց առավել շատ տոկոսն է ստանում բարձրագույն կրթություն, մինչդեռ արդեն որոշում կայացնող ատյաններում կանանց ներգրավվածությունը շատ քիչ է։ Այսպիսով` մենք սկսեցինք քարոզարշավ՝ տնտեսական հնարավորություններից մինչև քաղաքական մասնակցությանն ուղղված»։
Կարդացեք նաև
«Հավասար» քարոզարշավի կազմակերպիչներից «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ ծրագրերի ղեկավար Գոռ Պետրոսյանը ցավով նշում է, որ հայկական լրատվամիջոցներում թոփ տեղեր չեն զբաղեցնում հավասար քարոզարշավի կոնտեքստում ընդգրկված՝ կին և քաղաքականություն, կանանց տնտեսական ակտիվության կարևորություն, կանանց ներուժի, փորձի, ինտելեկտի թեմաները և որոշեցին «Հասնենք հավասարության. կանանց քաղաքական մասնակցության տեսլականը» թեմայով լրագրողական մրցույթի ձևով բարձրացնել այս թեմաների նկատմամբ հետաքրքրությունը։
«Մրցույթը հայտարարվեց մոտ յոթ ամիս առաջ և մենք ուշադիր հետևել ու ֆիքսել ենք ընդամենը քսանչորս լրագրողի, ովքեր խոսել են այս թեմաների մասին։ Երևանից, Շիրակի, Լոռիի, Սյունիքի և Արարատի մարզերից ստացված ընդհանուր առմամբ 33 նյութից ութը հեռուստատեսային ռեպորտաժներ են, 15֊-ը՝ առցանց և տպագիր հոդվածներ, ութը՝ առցանց տեսանյութեր,֊ասում է Պետրոսյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով տպագիր նյութերի սակավությունը, կատարել են վերաբաշխում,֊ առցանցն ու տպագիրը միացրեցինք իրար, իսկ առցանց տեսանյութերն՝ առանձնացրեցինք»։
Պետրոսյանը նշում է, որ չորս հոգանոց ժյուրիի կազմն առկա նյութերը գնահատելիս հաշվի է առել նյութի բովանդակության համապատասխանությունը մրցույթի թեմաներին, նյութի մատուցման ստեղծագործական ոճը, նյութի գենդերային նկատառումների համապատասխանությունը, գենդերային խնդիրների համապատասխանությունը, բարձրացված հիմնախնդրի հանրային հնչեղությունը, պատմության հավաստիությունը և այլ չափանիշներ։
Այսպիսով՝ հեռուստատեսային նյութերից հաղթել է լրագրող Գայանե Մկրտչյանի «Արմնյուզ» հեռուստաընկերությունում հեռարձակված «Ազատ գետի թիվ մեկ պաշտպանը` Արուսյակ Այվազյան» տեսանյութը։
Լավագույն առցանց հոդվածի մրցանակակիրն է Գոհար Աբրահամյանը՝ «Եթե ես պարտվեմ կնոջը, դա կլինի խայտառակություն». ընտրություններում կանայք մրցավազքից դուրս են» հոդվածով։
Լավագույն առցանց տեսանյութի համար մրցանակ ստացավ Նելլի Միրզախանյանը՝ «Առաջխաղացման բանաձև. Գորիսում ՏԻՄ ընտրություններ են» ռեպորտաժով։
«Իմ ռեպորտաժը մի կնոջ օրինակով կնոջ քաղաքականություն մտնելու խնդրին է անդրադառնում, ինչը մարզերում ավելի վատ է ընկալվում: Այսինքն` կինը ինչ գործ ունի որոշումների կայացման հարցում, կինը ավելի լավ է տանը նստի ու ընտանիքի մասին մտածի , երեխաներին մեծացնի, էս դեպքում Գորիսում առաջադրված Իրինա Յոլյանի օրինակով ցույց տվեցինք, որ կինը կարող է այդ բոլորը համատեղել: Կարծում եմ ինչպես ընտանիքում անփոխարինելի է կնոջ դերը այնպես էլ հասարակության ու քաղաքականության մեջ առանց կանանց մասնակցության հնարավոր չէ հաջողության հասնել: Պարզապես պետք է նրանց հնարավորություն ընձեռել աշխատելու, իրենց կարողությունները ցույց տալու»,֊նշում է մրցանակակիր Նելլի Միրզախանյանը:
Մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով և հարյուր հազարական դրամներով։
Գայանե Աբրահամյան
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ