Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոս Ադամ Սահակյանի փառքի լսարան` հարազատ դպրոցում

Դեկտեմբեր 18,2016 20:41

2016թ. սեպտեմբերի 1-ին «Պետական գործիչների երիտասարդական դպրոց» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում բացվեց Ապրիլյան պատերազմի հերոս, այդ դպրոցի շրջանավարտ Ադամ Սահակյանի անունը կրող դասարան:

Մենք զրուցեցինք «Պետական գործիչների երիտասարդական դպրոց» -ի հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանի հետ, ով օրեր առաջ AAD.AM տեղեկատվական հարթակի  կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում պարգևատրվեց Պաշտպանության Նախարարության պատվոգրով ծավալած երիտասարդական ու ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար:

-Ո՞րն էր  այս աշխատանքը նախաձեռնության գլխավոր մոտիվացիան:

Ապրիլյան հերոսամարտերը մեր ազգաբնակչության գրեթե բոլոր շերտերի, սոցիալական խմբերի գիտակցության վրա որոշակի ազդեցություն ունեցան: Վերաարժևորումի և վերագնահատումի նոր տագնապ էր դա, որ մեկ անգամ ևս գիտակցենք՝ մեր ամեն օրվա, ժամի և ձեռքբերումի համար պարտական ենք բացառապես մեր զինվոր տղաներին ու սկսեցինք ելքեր որոնել ինչ-որ կերպ մեր երախտիքը տեղ հասցնելու համար: Սրանից ավելի արժեքավոր մոտիվացիա, կարծում եմ, չկա և չենք ունեցել:

-Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին դպրոցն ու դասարանը:

Դպրոցում, որտեղ սովորել է մեր հերոսը, սովորում է նաև իմ տղան: Ադամի հերոսանալու լուրը ստանալուց հետո դպրոցում իրականացվում է նրա հիշատակին նվիրված արարողություն, որից բավականին տպավորվել էր տղաս: Այդ օրն ինքը շատ հուզված եկավ տուն ու նաև հպարտ էր, որ սովորում է Ադամի դպրոցում: Այդ պահին ես իմ տղայի մեջ տեսա Ադամին ու անձնական կորուստ զգացի: Որոշեցի, որ անպայման մի մնայուն բան պիտի արվի ու նոր սերունդը  հատկապես պիտի արժևորի հերոս տղաներին: Այդպես որոշեցինք, որ հենց Ադամի դպրոցում էլ պետք է մի դասարան անվանակոչենք հերոսի անունով և հիմնովին վերանորոգենք այն՝ դարձնելով Ադամի փառքի և հերոսապատումի ամենօրյա գործող լսարան, որ ամեն սովորող կամ թեկուզ ցանկացած հայ մարդ կարողանա այցելել Ադամին, իմանալ նրա պատմությունը, մտերմանա նրա տեսակին ու գնահատի այդ որակը:

-Ֆինանսական ի՞նչ միջոցներով իրականացվեցին շինարարական աշխատանքները:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում բնակվում են Հայաստանից արտագաղթած մի խումբ երիտասարդների, որոնց հետ մենք ապրիլյան քառօրյա հերոսամարտերի ժամանակ ակտիվորեն համագործակցում  էինք բանակին ռազմաբժշկական և նյութատեխնիկական օգնություն հասցնելու հարցերով: Այդ ընթացքում նրանց խմբից Ադրինե Բանդարյանը պատրաստակամություն հայտնեց իր սեփական միջոցներից դրամ հատկացնել ապրիլյան հերոսամարտերում տուժած զինծառայողների ընտանիքներին: Քանի որ այդ միջոցները բավականին համեստ էին և այդ օգնության ծավալները այնքան զգալի չէին լինելու, ես առաջարկեցի այդ միջոցները ներդնել ավելի մնայուն արժեքի ստեղծման գործում, ինչը հանդիսացավ այս դեպքում հերոսի անունը կրող դասարան ունենալու գաղափարը:

adam2

-Հերոսի ընտանիքն ինչպե՞ս արձագանքեց այս գաղափարին:

Մենք, բնականաբար, պիտի առաջին հերթին ստանայինք հենց Ադամի ընտանիքի համաձայնությունը և մեր կազմակերպության պատվավոր անդամ, Ադամ Սահակյանի դասախոս Թամարա Սարգսյանի հետ առաջին անգամ այցելեցինք հերոսի տուն: Ադամի ծնողները հարազատի նման ընդունեցին մեզ և նրա հայրը՝ Խաչատուր Սահակյանը, պատրաստակամություն հայտնեց օգտակար լինել մեզ ցանկացած հարցերով:

Դասարանի հիմնանորոգման և կահավորման բոլոր հարցերում և մանրուքներում մշտապես խորհրդակցել եմ Ադամի եղբոր՝ Մուշեղի հետ, ում հետ մենք պարբերաբար համաձայնեցնում էինք դասարանի արտաքին տեսքին առնչվող աշխատանքները: Ուզում էինք ստանալ մի վայր, որտեղ կզգացվեր Ադամի շունչն ու կենդանի ներկայությունը:

-Դասարանն ունի խորագիր. «Ադամ Սահակյան, ներկա՛», որը փակցված է հենց գրատախտակի վերևի հատվածում՝ աշակերտների աչքի առաջ: Սա Ձեր կո՞չն է լսարանին, թե՞ մեկ այլ նախապատմություն ունի:

Ապրիլյան դեպքերից հետո, մայիս ամսին, դպրոցում շրջանավարտները կազմակերպել էին Վերջին զանգի արարողություն: Միջոցառման սկզբում նախատեսված էր դպրոցի շրջանավարտների անվանականչի արարողություն, որով մեկ անգամ ևս հնչեցվում էին այն սովորողների անունները, ովքեր ներկա էին այդ պահին. դասարանի բոլոր աշակերտների անունները թվարկելուց հետո, ներկաների համար շատ անսպասելի, հնչեց Ադամ Սահակյան անունը և բոլոր շրջանավարտները միաբերան բացականչեցին՝ Ներկա՛……

Դա պատգամ էր հասարակությանը, որ զոհված տղաները միշտ մեր կողքին են:  Ես այնքան խորն էի տպավորվել այդ միջադեպից, որ որոշեցի՝ անպայման «Ադամ Սահակյան, ներկա՛…» արտահայտությունը պիտի տեղ գտնի հերոսի  փառքի լսարանում:

Հերմինե Ղարիբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031