Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ նման դրույթների ընդունումը խնդիրը բլեֆի մի տիրույթից տեղափոխում է մեկ այլ տիրույթ

Դեկտեմբեր 18,2016 18:51

Հրաշալի է, որ վերջապես մեր երկրում էլ են փորձում քրեականացնել ապօրինի հարստացումը, որը կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի ուղիներից մեկն է, սակայն դրանից լուրջ արդյունքներ ակնկալելը՝ առնվազն միամտություն կլինի, քանզի ապօրինի հարստացման հայտնաբերման այն մեթոդիկան, որը գործածության մեջ է մտնելու ԱԺ-ում «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի ընդունումից հետո, այդ դրույթները շրջանցելու մի շարք դյուրին խոցելի բացեր ունի:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում վերջին 25-ից ավելի տարիների ընթացքում, բացի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների ընձեռած հնարավորությունից, կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի այլ ձև, այն էլ  համակարգված կերպով, երբևէ չի կիրառվել, որի արդյունքում էլ ապօրինի կերպով հարստացած անձանց մի չնչին մասն է միայն ընկել այդ մամլիչի տակ, այն էլ ընդամենը ապօրինի վաստակած միջոցների մի մասի մեղադրանքով, քանզի մինչև հերթական անաշխատ՝ ապօրինի վաստակի յուրացումը, նրանք բազմաթիվ անգամներ են իրականացրել այդ արգելված գործառույթը և դրանք հիմնականում բացահայտվել են միայն դեպքերում, երբ վերին ատյանները դաբրո են տվել բարձրաձայնել դրա մասին և համապատասխան քայլեր ձեռնարկել, հետագայում՝ պատժել, չպատժելու համապատասխան շարունակությամբ, անպայմանորեն նույն վերևների հայեցողությամբ:

Մոտ 25 տարի շարունակ նմանատիպ մոտեցումները բերել են նրան, որ կոռուպցիան և կաշառակերությունը՝ ապօրինի հարստացումը, երկիրը հասցրել են այնպիսի անհուսալի վիճակի, երբ արդեն իշխանություններն են պարտադրված բարձրաձայնում դրա մասին, քանզի այլևս  թաքցնելու և կոնկրետ քայլեր չձեռնարկելու դեպքում, երկիրը շատ արագ կհայտնվի անդունդում: Այլ կերպ ասած, ապօրինի հարստացման դեմ պայքարին արդեն այլընտրանք չկա, քանզի այդ չարիքն արդեն սպառնում է երկրի ազգային անվտանգությանը, նույնիսկ ավելին, նրա գոյությանը՝ լինել, չլինելուն:

Երկրի, պետության, ժողովրդի նման կրիտիկական վիճակում, եթե այլընտրանքի բացակայության պարագայում, փորձ է արվում քրեականացնել պաշտոնյաների ապօրինի հարստացումը և նրանց ենթարկել պատասխանատվության, ապա այն պետք է լինի այնպիսին, որ դրա ընդունումն իրական հնարավորություններ ընձեռնի՝ իրապես պայքարել ապօրինի հարստացման դեմ, այլ ոչ թե դրա անվան տակ ընդամենն իրականացվի համանման իմիտացիա:

Ակնհայտ է, որ այս գերկարևոր խնդրում, իմիտացիան շատ ավելի վտանգավոր է, քան ընդհանրապես ոչինչ չձեռնարկելը: Եթե փաթեթում նշված դրույթներն իրականում հնարավորություն են տալու, որպեսզի հստակ և թափանցիկ պայքար մղվի ապօրինի հարստացման դեմ, ապա դա լրիվ նորմալ է, իսկ եթե այնտեղ առկա են թաքնված ռիսկեր, որոնց պարագայում, համարյա ի հայտ չեն գալու նման հասցեական սուբյեկտներ, ապա նման փաթեթի ընդունումը ոչ միայն ռեալ արդյունքներ չի տա, ավելին՝ այն կդառնա զուտ ծածկադմփոց, որի ներքո ավելի մեծ չափերով կշարունակվի կոռուպցիան:

Փորձենք երկու բառով ներկայացնել այս փոփոխությունների ծալքերում առկա, սակայն չևերևացող ռիսկերը: Շատ կարևոր է, թե գործնականում ինչպե±ս է հնարավոր վեր հանել նմանատիպ ապօրինություններն այն դեպքերում, երբ այդ մարդիկ իրենց ապօրինի կուտակած հարստությունն իր բոլոր դրսևորումներով՝ փող, անշարժ գույք, զարդեղեն, …, և այդպես շարունակ, փորձեն հաշվառել հարևանների, դասընկերների, աշխատանքնային և սովորական ընկերների, … անուններով, ովքեր ազգակցական, բարեկամական և այլ  կապերով փոխկապակցված չեն տվյալ պաշտոնյաների հետ, որի արդյունքում այդ պաշտոնյաներն իրենց հայտարարագրերում չեն արտացոլելու դրանց մասին և երբևէ չեն հանդիսանալու ուսումնասիրության սուբյեկտներ:

Մի ՞թե, ասվածից պարզ չի դառնում, որ նմանատիպ քայլերի կիրառման արդյունքում, այդ  պաշտոնյաները հանգիստ կարող են խուսափել փոփոխված դրույթների դաշտում  հայտնվելուց: Ակնհայտ է, որ այսպիսի մարտավարություն որդեգրած պաշտոնյաների դեմ իրական հակաքայլեր չեն կարող լինել և նրանք հեշտորեն կշրջանցեն նշված դրույթները: Ասվածը, այս փաթեթի ակնհայտ բացերից մեկն է, որը այն դարձնում է ոչ լիարժեք աշխատող: Սա այնքան պարզ մանիպուլյացիա է, որին առանց դժվարության կգնան բոլոր ցանկացողները, քանզի դա այս դրույթների շրջանցման ամենակարճ և ամենահեշտ ճանապարհն է:

Բա, եթե պետությունն ընդունում է օրենք և հաշվի չի առնում դրա հեշտորեն շրջանցման ճանապարհները, որոնք չափազանց իրատեսական ու հեշտ կիրառելի են և դրանց հիմքում դրված չէ   այդ օրենքի զսպումների մեխանիզմի (չեմ  պնդում, որ դրանք հեշտ է գտնել) փիլիսոփայությունը, ապա ինչպես կարելի է համարել, որ դա լիարժեք օրենք է: Իհարկե, ավելորդ չէ նշել, որ նման քայլերի գնալու պարագայում, սույն պաշտոնյաները որոշակի ռիսկերի են դիմում, քանզի նմանատիպ ձևակերպումների արդյունքում, վերը նշված անձանց որոշ մասը կարող է հետագայում, այսպես ասած՝ քցել այդ պաշտոնյաներին, ովքեր վստահել են իրենց, բայց սա այլ հարց է, որը դուրս է քննարկվող թեմայից:

Բնական է, որ նման ռիսկեր իսկապես կան, սակայն դրանց վտանգի հավանականությունը շատ ավելի փոքր է, քան այդ ապօրինի հարստությունը իրենց կամ ազգակցական կապերով փոխկապակցված բարեկամների ու հարազատների անուններով հաշվառելու դեպքում: Ասվածն՝  ընդամենը գոյություն ունեցող ակնհայտ ճանապարհներից մեկն է՝ ապօրինի հարստացման քրեականացումից խուսափելու համար: Խորը վերլուծությունների պարագայում, նման պաշտոնյաները հեշտությամբ կարող են գտնել մի շարք այլ ճանապարհներ ևս, որը նրանց կօգնի խուսափել ապօրինի հարստացման մասով քրեական հետապնդումներից և արդյունքում այդ դրույթները կդառնան ձայն բարբառո հանապատի:

Այդպիսի պարզ օրինակ է նաև այն, որ պաշտոնյաներն ապօրինի ճանապարհով կուտակած քյաշ փողերն ու այլ ոչ փողային արժեքները, կփորձեն թաքուն՝ զարտուղի ճանապարհներով դուրս հանել երկրից, որի մասին  համապատասխան մարմիններն ընդհանրապես տեղյակ չեն լինի: Ստացվում է, որ սույն դրույթներն այս դեպքում ևս չեն աշխատի: Վերը ասվածից պարզորոշ զգացվում է, որ ապօրինի հարստացման քրեականացման մասին դրույթների՝ նման ձևակեպումներով ընդունումը, չի լուծում դրված խնդիրը, այսինքն` իրականում լիովին չի առնում ապօրինի հարստացման դեմը: Ավելին, ինչպես արդեն ասվեց, նման գործիքներով պայքարն ավելի շատ կդառնա իմիտացիա, քան իրական, արդյունավետ պայքար: Տպավորություն է ստեղծվում, որ այդ օրենքի ընդունումն  ավելի շատ ժողովրդի կամ որոշ երկրների աչքին՝ դեմոկրատական  բարեփոխումների իրականացման իմիտացիայի ցուցադրում է, քան ապօրինի հարստացման դեմ իրական պայքար, քանզի միևնույն է, այդ դրույթների ընձեռնած հնարավորություններով,  դրված խնդիրը կարող է լուծվել շատ փոքր մասով միայն:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրի Ուրարտացի says:

    Ապօրինի հարստացումը, անգամ երեխայի համար էլ պարզ է,որ առավել մեծ չափերի հասնող
    հափշտակություն է, գողություն՝ սովորաբար կազմակերպված հանցախմբի կողմից, որը
    վաղուց քրեականացված է, ինչպես հավի կամ ձվի գողությունը: Ուրեմն այն պետք է որ
    պատժվի, այն էլ առավել խիստ քան ձու գողացողի պատիժն է: Մնացածը փչոց է…
    Խելքի եկեք պարոնայք արդարադատներ, էդ ում եք խաբում, սեփական երկրին,ժողովրդին..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031