«Նոյյան տապան» լրատվական գործակալությունը (ՆՏ մեդիա հոլդինգ) դեկտեմբերի 25-ին կտոնի հիմնադրման 25-ամյակը:
Հիմնադիր-տնօրեն Տիգրան Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ֆեյսբուքի միջոցով արդեն գտել է գործակալության նախկին շուրջ 120 աշխատակիցների, որպեսզի հրավիրի դեկտեմբերի 25-ին «Նոյյան տապան» տոնելու 25-ամյակը:
25-ամյա գործունեությանը հետադարձ հայացք գցելով` Տիգրան Հարությունյանը հավաստիացրեց, որ իրենց գործունեության հիմնական սկզբունքը հիմնադրման օրվանից եղել է անկախությունը, օբյեկտիվ անաչառ տեղեկատվության տրամադրումը. «1991-ին ստեղծեցինք «Նոյյան տապանը», երբ Ղարաբաղյան հակամարտությունը նոր էր մտել լուծման փուլ: Այդ ժամանակ բոլորիս համար նկատելի էր, որ այն, ինչ կատարվում էր Ղարաբաղում և Թատերական հրապարակում, միշտ խեղաթյուրված էր ներկայացվում ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ: Աշխարհն էլ օբյեկտիվ տեղեկատվություն չուներ այդ: Հենց այդ ժամանակ մի խումբ համախոհներով (Գայանե Առաքելյան` խմբագիր, Հարություն Խաչատրյան` առաջատար լրագրողներից,-Տ.Հ.) որոշեցինք ստեղծել «Նոյյան տապանը»` լրատվական բլոկադան ճեղքելու համար»:
Խոսելով ձեռքբերումների մասին` պարոն Հարությունյանը փաստեց, որ ՀՀ անկախության առաջին իսկ տարիներին միանգամից կարողացել են հաջողության հասնել, քանի որ փոխել են խորհրդային լրագրողական սկզբունքները: Խոսելով ժամանակի լրատվական «բլոկադայի» մասին` պարոն Հարությունյանը նշեց. «Դա առաջանում էր ոչ թե դրսի միտումնավոր գործունեության պատճառով, այլ ավելի շատ նրանից էր, որ հայաստանյան ԶԼՄ-ները պատրաստ չէին ազատ շուկայում լրատվություն ապահովել անկողմնակալ, առանց սեփական զգացմունքները լրատվության մեջ դնելու: Մենք փորձեցինք ջարդել այդ կարծրատիպերը: Մեկ տարվա մեջ կարողացանք մտնել շուկա: Սկսեցինք տպագրվել միջազգային խոշոր լրատվամիջոցներում, այնուհետև կապեր ստեղծեցել սփյուռքի հետ. լրատվություն էինք մատակարարում հիմնականում սփյուռքի հայկական լրատվամիջոցներին ավելի քան 30 երկրներում: Մինչև 2000-ը «Նոյյան տապանին» գրեթե այլընտրանք չկար: Անկախ փորձագիտական հետազոտությունը ցույց էր տվել, որ գրավել ենք սփյուռքի լրատվական դաշտի մոտ 80 տոկոսը: 1993-ին ստեղծեցինք «Նոյյան տապան» շաբաթաթերթը, որն առաջինն ու միակն էր անգլերեն և ֆրանսերեն լեզվով, որը մինչ օրս աշխատում է և հիմնականում ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ու հայերենին չտիրապետող բազմաթիվ մեր հայրենակիցների է տրամադրում տեղեկատվություն»:
Կարդացեք նաև
Տիգրան Հարությունյանն այս առիթով հիշեց, որ առաջին հարվածը ստացել են հենց 1993-1998-ին, երբ շաբաթաթերթի` որոշ սուր հոդվածներ պարունակող համարներ տպարանները հրաժարվում էին տպագրել, ու հենց այդ ժամանակ էլ ստեղծեցին իրենցը: Այժմ «Նոյյան տապան»-ն ունի տպարան, շաբաթաթերթ, լրատվական գործակալություն, կայք հեռուստաստուդիա, մամուլի սրահ: Պարոն Հարությունյանը, սակայն, փաստեց, որ ժամանակին աշխատում էին 120 հոգանոց աշխատակազմով, այժմ` 20: Նա նկատեց, որ այժմ իրենց հնարավորություններն այն չեն ու ցավով փաստեց, որ այժմ մրցակցային դաշտը գրավված է ոչ անկախ լրատվամիջոցների կողմից, որոնք ունեն երբեմն ոչ արդար եկամուտներ: Սակայն հպարտությամբ հավաստեց, որ իրենք հեռու են նման գործունեությունից:
Անդրադառնալով լրատվադաշտում գոյություն ունեցող այլ խնդիրների` պարոն Հարությունյանը կարծիք հայտնեց, թե ՀՀ-ն պատրաստ չէ պահել անկախ լրատվամիջոցներ նախ օբյեկտիվ պատճառով, որ ունի փոքր շուկա, ու նաև ՀՀ-ի գերմենաշնորհայնացումը հանգեցնում է նրան, որ գովազդային դաշտը բաշխվում է ոչ թե շուկայական, այլ կամայական սկզբունքներով, ինչի պատճառով անկախ լրատվամիջոցներն այնքան էլ հարմար պայմաններ չունեն:
Հիշեցրինք, թե ժամանակին «Նոյյան տապանն» էլ Ա1+-ի նման զրկվեց կապուղուց ու հետո այդպես էլ չմասնակցեց մրցույթի, այնուհետև հետաքրքրվեցինք `այժմ սեփական եթերն ունենալու տարբերակից վերջնականապես հրաժարվե՞լ են, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Մենք 96-97-ին հեռուստատեսային արտադրանք էինք առաքում դուրս: Ստացանք հաճախականություն, բայց հետո առաջին մրցույթի ժամանակ մենք էլ Ա1+-ի հետ զրկվեցինք մեր հաճախականությունից: Մենք ևս Ա1+-ի նման դիմեցինք դատարան, մեր դատերը հասցրինք մինչև Եվրադատարան: Մենք ևս Ա1+-ի նման առաջին դատում Եվրադատարանին պարտվեցինք. պատճառաբանությունն այն էր, որ մեր մրցույթը տեղի է ունեցել ՀՀ-ի կողմից համապատասխան կոնվենցիան ստորագրելուց 16 օր առաջ»: Տիգրան Հարությունյանը նշեց, որ իրենց տարբերությունն Ա1+-ից այն էր, որ իրենք մեկ անգամ են դատի տվել, իսկ Ա1+-ը ամեն մրցույթից հետո, որ պարտվում էր, դիմում էր դատարան: Ըստ Տիգրան Հարությունյանի` ի վերջո այն փոխհատուցումը, որ ստացավ Ա1+-ը փոքր գումար էր, քան այն վնասները, որ կրել էր լրատվամիջոցն ու հասարակությունը:
«Նոյյան տապան»-ի հիմնադիր-տնօրենն այս առիթով տեղեկացրեց, որ 2017-ին Լոս Անջելեսի «Քոննեքթ թու քոմունիքեյշըն» ընկերության և Լիբանանի «Ազդակ» օրաթերթի հետ կգործարկեն համահայկական անկախ հեռուստատեսային ցանց:
Կադրերի հոսքի խնդիրը` ըստ Տիգրան Հարությունյանի միշտ էլ կա: Նա հիշեցրեց, որ ժամանակին իրենք սկզբունք ունեին. մասնագիտությամբ լրագրողների չէին ընդունում աշխատանքի` կարծելով, որ ավելի հեշտ է այլ մասնագիտության տեր մարդկանց լրագրող «սարքել», քան լրագրողական դպրոցի հին ներկայացուցիչներին սովորեցնել նոր ձևով գրել: Հետո ինքն ու կինը`«Նոյյան տապան» -ի խմբագիր Գայանե Առաքելյանը, դասավանդելով տարբեր բուհերում, փորձել են ուսանողների ընդունել աշխատանքի, սակայն մինչև այժմ էլ պարոն Հարությունյանը կարծում է, որ բուհ-ԶԼՄ կապը չի գործում, ավելին, վատորակ լրատվության քանակն է աճել, որը ուսանողներին ապակողմնորոշում է: Լրագրողներից պահանջվող մակարդակն էլ խիստ իջել է:
Զրույցի ավարտին Տիգրան Հարությունյանին խնդրեցինք նշել «Նոյյան տապան»-ի պարգևների մասին: Նա ասաց. «Նոյյան տապանը տարբեր պատվոգրեր, շնորհակալագրեր ստացել է, սակայն որևէ պետական մրցանակ կամ պետական ուշադրության իր գործունեության ընթացքում, որքան էլ տարօրինակ է, չի ունեցել: Դա է երևի անկախ գործունեության արդյունքը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եթե ես ինձ իրավունք եմ վերապահում ասելու, որ լրագրությունից շատ բան եմ հասկանում, ապա դա հենց Նոյյան Տապանի շնորհիվ է. շնորհակալություն Նոյյան Տապանի ղեկավարությանը: