Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփն էլ է հանրապետական

Դեկտեմբեր 18,2016 12:00

 Հայաստանի  հանրապետական կուսակցություն:

Սա անկախությունից հետո Հայաստանի Հանրապետության առաջին կուսակցություններից է: Կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը խորհրդային տարիների քաղբանտարկյալ Աշոտ Նավասարդյանն էր, ում Նժդեհասիրությունը պատճառ դարձավ, որ հանրապետականների գաղափարական հիմքը դառնա Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը:

Սկզբնական շրջանում, Աշոտ Նավասարդյանի առաջնորդությամբ, Հանրապետական կուսակցությունն ընդգծված ընդդիմադիր կուսակցություն էր, բայց շատ շուտով՝ ՀՀՇ-ի իշխանության երկրորդ շրջանում, նույն Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ, Հանրապետական կուսակցությունը դարձավ իշխանամետ կուսակցություն՝ այդպիսով ապահովելով իր մշտական տեղերն Ազգային ժողովում:

Ահա այդպես սկսվեց Գալուստ Սահակյանի, Անդրանիկ Մարգարյանի, Տիգրան Թորոսյանի և մյուս հանրապետականների քաղաքական կարիերան: Աշոտ Նավասարդյանի անսպասելի ու հանկարծակի մահից հետո շատերը կարծում էին, որ Հանրապետական կուսակցությունը կթուլանա, բայց հակառակը տեղի ունեցավ: Որովհետև շուտով Հանրապետական կուսակցության առաջնորդը դարձավ Վազգեն Սարգսյանը:

Մենք չենք հավակնում գրել Հայաստանի Հանրապետական կուսակցության պատմությունը, որովհետև այս կուսակցության պատմությունը գրելու համար տարիներ ու հատորներ կպահանջվեն: Եվ, բացի այդ, այս կուսակցության պատմությունը շղարշված է խորհրդավորության բավական անթափանց շղարշով:

Ինչևէ: Հոկտեմբերի 27-ից ու Վազգեն Սարգսյանի մահից հետո էլ էր թվում թե՝ այս կուսակցության պատմությունն ավարտված է, բայց իրականում հանրապետականներն ավելի առաջ գնացին. Տիգրան Թորոսյանը դարձավ Ազգային ժողովի նախագահ, իսկ Անդրանիկ Մարգարյանը՝ Հայաստանի վարչապետ:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո էլ այս կուսակցության պատմությունը չավարտվեց: Որովհետև կուսակցության առաջնորդ դարձավ Սերժ Սարգսյանը: Առ այսօր էլ ինքն է: Եվ առ այսօր Հայաստանում ՀՀԿ-ն միահեծան իշխանություն ունի: Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանի առաջնորդության օրոք ՀՀԿ-ում նշանակալի ու խոշոր իրադարձություններ տեղի չեն ունեցել, եթե, իհարկե, հաշվի չառնենք հրապարակի համերգի ու փուչիկների պատմությունը, կուսակցության տանիքի հրդեհը և այլն:

Ամենախոշոր իրադարձությունը ՀՀԿ-ում տեղի ունեցավ վերջերս, որը ցանկության դեպքում կարելի է անվանել նաև նշանակալի: Ինչպես նաև՝ անսպասելի: Ինչպես նաև՝ ցնցող:

Անսպասելին ոչ թե վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելն էր, այլ վարչապետի անմիջական հետևորդ նորաթուխ ՀՀԿ-ականների մեկից ու հանկարծակի ի հայտ գալը: Որ վարչապետի ենթակա նախարարները, որոնցից ոմանք մեզ հավատացնում էին, որ երբևէ կուսակցական չեն դառնա, անմիջապես կհետևեն վարչապետի օրինակին և անմիջապես նժդեհական կդառնան, ոչ ոքի համար անակնկալ չէր, բայց որ մի օրվա մեջ միանգամայն նոր 7000 նժդեհականներ ի հայտ կգային, բոլորի համար էր անսպասելի: Ուղիղ 7000. ոչ ավել՝ ոչ պակաս: Ընդամենը մի օրվա մեջ: Ո՞վ այդքան արագ հաշվեց:

Եթե մի օրվա մեջ ամբողջ 7000 հոգի է Կարեն Կարապետյանին հետևելով նժդեհականացել, ապա, ըստ առողջ տրամաբանության, այս օրերի ընթացքում այդ թիվը պիտի որ առնվազն տասնապատկված լինի: Տասնապատկվե՞լ է, թե՝ ոչ: Նրանք, ովքեր մի օրվա մեջ կլոր 7000-ը ճշգրիտ հաշվեցին, պիտի որ այժմյան թիվն էլ ճշգրիտ իմանան:

Ինչ վերաբերում է նժդեհականությանն ու նժդեհյան գաղափարախոսությանը: Արդեն վերջնականապես բոլորին է հայտնի, որ Հայաստանի հանրապետականների գաղափարական միանձնյա ու անվիճելի առաջնորդը Գարեգին Նժդեհն է: Թվում էր, թե՝ Աշոտ Նավասարդյանի մահից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունում Նժդեհականության դոզան կպակասի: Բայց ճիշտ հակառակը տեղի ունեցավ: Տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունենում. ինչքան գաղափարականությունը պակասում է, այնքան ավելանում է գաղափարաբանությունն ու գաղափարական շատախոսությունը: Եվ ամենաշատախոսները նրանք են, ովքեր Գարեգին Նժդեհի ու նրա նշանակության մասին տարրական իմացություն չունեն: Փոխարենը՝ ամենակարևորը գիտեն. գիտեն, որ Հայաստանում այսօր Նժդեհական ու հանրապետական լինելը ձեռնտու գործ է: Ընդ որում՝  ոչ միայն Հայաստանում:

Չէ՞ որ Դոնալդ Թրամփն էլ է հանրապետական:

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

17.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031