Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Ռուսաստանի ազդեցությունը ընդգծելու տեսանկյունից տարբերություն չեմ տեսնում Տեր-Պետրոսյանի եւ Ալիեւի միջեւ

Դեկտեմբեր 17,2016 20:53

«Տեքստը անշուշտ կիրթ, պատմական անցքերին տիրապետող մարդու խոսք էր, որը կարող է մոլորության մեջ գցել ուղերձների առումով, բայց համենայն դեպս, ոչ նրանց, ովքեր հրաշալի տեղյակ են կամ այս տարիների ընթացքում հետեւում են զարգացումներին»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ համագումարի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշեց, որ այն, ինչ իշխանությունն է անում ազգ-բանակ գաղափարի հետ որեւէ համակրանք չի ձեւավորում, որովհետեւ 1000 դրամ մուրալը ազգ-բանակ գաղափարի տարր չի կարող լինել. «Բայց եթե ուշադրություն դարձնենք այն երեք օրինակներին, որ ինքը բերում է ու ամեն գնով փաստարկում է, որ Հայաստանը չպիտի լինի ասենք Շվեյցարիայի կամ Իսրայելի մոդելի: Ամեն գնով փորձել ապացուցել, որ Հայաստանի պաշտպանական լուրջ համակարգ պետք չէ, որ Հայաստանը այդպիսի թշնամական միջավայրում չէ ինչպես Իսրայելը կամ Շվեյցարիան 200 տարի առաջ, կներե՛ք, առնվազն ծիծաղաշարժ է, որովհետեւ վտանգի ուժգնությունը չի կարող միայն թշնամիների քանակի հետ կապ ունենալ, որովհետեւ կարող ես ունենալ մեկ թշնամի, բայց մեծագույն հնարավորություններով թշնամի: Տարակուսելի է, որ Տեր-Պետրոսյանը ամեն ինչ անում էր ապացուցելու համար, որ Հայաստանին լուրջ պաշտպանական գաղափար պետք չէ, որը իսկապես հանրության եւ անգամ աշխարհասփյուռ հայության մասնակցությունը կարեւոր լինի:

Հույսը դնել խաղաղություն մուրալու վրա եւ անվանել դա արժանապատվություն եւ 18 տարի հետո էլ Ղարաբաղը ներկայացնել ազգի դժբախտությունների պատճառ, հետեւաբար՝ այդ խնդրի լուծումը կապել օր առաջ Հայաստանի զարգացման, Ղարաբաղի զարգացման հետ եւ խոսել տարածքներ հանձնելու մասին մի հարեւանին, որն արդեն բոլոր հնարավոր եւ անհնար ձեւերով ապացուցել է, որ ինքը վստահելի չէ, որ ինքը խաղաղության կողմնակից չէ, որ ինքը չի կարող անվտանգության երաշխիքներ տալ ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ղարաբաղին: Կներե՛ք, ուղղակի մի եզրակացության տեղ է թողնում, որ ուղղակի Լեւոն Տեր-Պետրոսյանը վերին աստիճանի ցավագին է տանում, որ ինքը ինչ-որ տեղ քաղաքական արենայից հեռացավ Ղարաբաղին դավաճանելու մեղադրանքով:

Թերեւս մի բան, ինչը նա պետք է դրական համարեր, որովհետեւ ինքը Ղարաբաղի խնդրով էր եկել իշխանության, «Ղարաբաղը մերն է» շարժման կարգախոսի տակ, հետեւաբար՝ ցանկացած ոտնձգություն կամ խաղաղություն մուրալու, կապիտուլյացիա մուրալու որեւէ դրսեւորումը բերելու էր նաեւ այդ պիտակավորմանը: Եվ հետեւաբար՝ գիտակցելով, որ ինքը պատմության մեջ մնում է որպես այդպիսին, փորձ է անում ամեն գնով ներկայացնել իբրեւ 18 տարի ժամանակ կորցնելով մենք կանգնած ենք այն նույն առաջարկի առաջ, որը կարող էր ընդունվել 1998 թվականին, եւ մենք այժմ մեկ այլ ծաղկուն երկիր կլինեինք, ինչպես ինքն է ներկայացնում:

Բայց թերեւս մի բան է մոռանում, երբ սկսում է ելույթը կոռուպցիայից, Տեր-Պետրոսյանը պետք է լավ հասկանա, որ կոռուպցիան ուղղակի այն տրամաբանական հետեւանքն է, որ լինում է ժողովրդավարությունը խեղդելուց հետո: Այդ կտրվածքով՝ ժողովրդավարության աղավաղման հիմքերը ինքն է դրել, եւ չպիտի զարմանա, թե ինչու ժողովրդավարության խեղդելու, աղավաղելու արդյունքում կոռուպցիա է ծնվել: Սա պետք է համարել խնամքով շրջանցել սեփական պատասխանատվությունը այս համակարգի ստեղծման գործում»:

Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ ելույթում մի վտանգավոր միտում է տեսանելի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հավանությունը ռուսական պլանի: Ըստ քաղաքագետի, դա ամենամտահոգիչ կետերից մեկն է. «Մի բան շատ վտանգավոր է՝ տեսնում ես, որ նա ուղղակի միացել է ռուսական պլանին, գովաբանում է, եւ այս կտրվածքով ոչ մի տարբերություն չեմ տեսնում իր եւ Իլհամ Ալիեւի միջեւ, որոնք բացառիկ ընդգծում են Ռուսաստանի դերակատարությունը այս վտանգավոր փուլում, երբ Ռուսական պլանը բացարձակ Արցախի կապիտուլյացիայի մասին է: Սա վերին աստիճանի մտահոգիչ է Տեր-Պետրոսյանի տեքստում, որովհետեւ դա նաեւ Հայաստանի քաղաքական ներկապնակում առանձնանալու հայտ է, որ ահա ես անգամ այս իշխանություններից եմ տարբերվում, եւ ճիշտը ինձ հետ գործ բռնելն է:

Տեսեք նա մի վտանգավոր բան է անում՝ նա քննադատում է Սերժ Սարգսյանի շրջապատին, ասում է՝ որեւէ մեկը տեսակետ էլ չի հայտնել փոխզիջումների մասին: Այսինքն՝ նա զոհասեղան է բարձրացնում գործող իշխանությանը: Ուզում եմ՝ մի բան հստակ լինի՝ անկախ, թե որ քաղաքական գործչի, իշխանության նկատմամբ ինչ վերաբերմունք ունես, բոլորը անցողիկ են լինելու, եւ միջանձնային հարցերով միմյանց դեմ կեղտոտ ինտրիգներ, միմյանց զոհասեղան բարձրացնել ղարաբաղյան խնդրով, սա, կներե՛ք, անարժանապատիվ պահվածք է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Ստեփան Սաֆարյանը լիովին ճիշտ է գնահատում ԼՏՊ – ի էությունն ու դրդապատճառները: Ժողովրդավարության վախճանն ու կոռուպցիայի հիմքը իրականում հենց ինքը դրեց, Ղարաբաղի հարցի ներկա ախմախ դրությունը ինքը կանխորոշեց՝ վախկոտաբար ստորագրելով ի սկզբանե հակասական ու անհեթեթ ,,սկզբունքներ,, կոչվածը, որով փաստացի լուծված հարցը գործիք դարձրեց հզորների ձեռքին: Վերջապես, քոչին ու ներկա բռի կլանին ինքը բերեց հայաստանի գլխին, եւ գիտեք ինչու – անձնական նկատառումներով միայն՝ որպիսզի ձերբազատվի իր նախկին դժգոհ ընկերակիցներից ու անկյուն քշի (Վազգեն Մանուկյան, Մանուչարյան Աշոտ եւ այլոք): Հիմա ցանկանում է երեսը մաքրել, փրկիչ դառնալ եւ թե ռուսներին ծառայություն մատուցել:
    Միայն մի բանի հետ կարելի է համաձայնել, որ դրությունն իսկապես տխուր է: Սակայն իր խոսքն ու մատնանշած նահանջի կոչն այս պահին անթույլատրելի է: Եթե ցնցող օրինակ է ուզում ցուցադրել, ապա կարող է հանդես գալ մեղայականով, իր յուրացրած սեւ շենքը աճուրդի հանել, նույնը Քոչին, Սերժին ու մնացած ահռելի կոմանդին առաջարկելով ու պահանջելով: Թերեւս այդ դեպքում միայն կոտրված ժողովուրդը կոգեւորվի ու ոտքի կկանգնի …

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031