«Համագումարում ինքնաբացարկ չեմ հայտնել, ու առհասարակ՝ դա ինքնաբացարկ չէր»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով տեղեկությունները, թե ՀԱԿ համագումարում նոր վարչության կազմում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը չի լինի, քանի որ ինքնաբացարկ է հայտնել, ասաց ինքը՝ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ համագումարում նման բան չի հայտարարել, իր անունը վարչության թեկնածուների ցանկում չի էլ եղել:
Նա մանրամասնեց. «Ինձ հետ խորհրդակցելով՝ Լեւոն Զուրաբյանն ինձ առաջարկել էր լինել ՀԱԿ վարչության ցուցակում: Համագումարից առաջ՝ երեկ, նույնպես խորհրդակցելով՝ գտա, որ ավելի լավ է իմ փոխարեն լինի մի երիտասարդ, որն այդ կերպ կմոտիվացվի: Ես այսպես թե այնպես մոտիվացված եմ՝ խնդիր չունեմ: Կարծում եմ՝ դա ներուժ կլինի մի երիտասարդի համար»:
Մեր զրուցակիցը նկատեց, որ ՀԱԿ վարչության կանոնները բավականին խիստ են, այդ խստությունը ստեղծագործող մարդու համար չէ. «Միշտ զարմացել ու հիացել եմ, թե ինչ զուսպ են ՀԱԿ վարչության անդամները: Այդ հիացմունքն ինքս իմ հանդեպ չունեմ՝ չգիտեմ՝ դա ազատություն կոչե՞մ, թե չարաճճիություն»:
Որպես մեկ այլ պատճառ Արմեն Մարտիրոսյանը մատնանշեց. «Երբ համոզված չես, որ կընտրվես վարչության անդամ, պետք է զուսպ լինես: Ավելի ազնիվ է ճանաչել քո չընտրվելու կարողությունը, քան հետո ասել, թե «չընտրվեցի, ավելի լավ էր՝ չդնեի թեկնածությունս»…»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ