Այսօր կայացավ ուժային եռամարտի սեղմում պառկած դիրքից մրցաձեւի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց շուրջ հարյուր մարզիկ՝ որոնցից 10-ը աղջիկներ:
Առաջնությանը մասնակցեցին Երեւանի եւ հանրապետության մարզերի ու քաղաքների ներկայացուցիչները, սակայն ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի խոսքերով, հատկապես մարզերի եւ Արցախի ներգրավվածությունը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե ճանապարհներին եղանակային պայմանները խնդիրներ չստեղծեին: Չնայած դրան, առաջնությունում գրանցվեցին մի շարք բարձր արդյունքներ: Մասնավորապես, 56 կգ քաշային կարգում վերջերս Ուկրաինայում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած եւ 120 կիլոգրամով աշխարհի ռեկորդ սահմանած 15-ամյա Ռուդիկ Ավդալյանը՝ Սպիտակից, այս անգամ առաջին մոտեցումը կատարեց աշխարհի նոր ռեկորդային քաշից՝ 125 կգ-ից:
Այնուհետեւ, մարզիչ Գոռ Բարսեղյանի սանը եւս երկու անգամ թարմացրեց իր իսկ համաշխարհային բարձրագույն նվաճումը՝ սկզբում պոկելով 135, այնուհետեւ, 137,5 կիլոգրամը:
Կարդացեք նաև
Առաջնությունում որոշվեց նաեւ բացարձակ չեմպիոնը: Տիտղոսը նվաճեց եւ գավաթին արժանացավ 75 կգ քաշային Գոռ Խաչատրյանը, որը միեւնույն ժամանակ նաեւ լրացրեց սպորտի վարպետի նորմա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ