2016 թվականի դեկտեմբերի 16-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ոգեկոչվեց հայերեն տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը:Միջոցառումը սկսվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի կատարմամբ «Տերունական աղոթքով, ապա ‹‹Հրաշափառ››-ի հնչյունների ներքո հանդիսավորությամբ դահլիճ բերվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակը՝ Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով: Կոնդակն ընթերցեց Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:
Ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված Ամստերդամում Ոսկան Երևանցու ազգանվեր գործունեությանը, որի արդյունքում 1666 թվականին 5 հազար օրինակ տպաքանակով առաջին անգամ հայերեն Աստվածաշունչ տպագրվեց:
Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Իր օրհնությունը հղելով ներկաներին, Թեմակալ առաջնորդը արժևորեց հայերեն Աստվածաշնչի տպագրության դերն ու նշանակությունը, գնահատելով այն որպես ազգայինի պահպանության, գրի ու մշակույթի զարգացման և քրիստոնեական հավատքի ամրապնդման եզակի միջոց:
Սրբազան հայրն իր որդիական երախտագիտությունը հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, որ Սրբատառ Կոնդակով ամենուրեք, այդ թվում նաև Վիրահայոց թեմում, արժևորվեց և անմահացվեց Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակը:
Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան (խմբավար Սվետլանա Տատոևա) երգչախմբի կատարմամբ հնչեցին «Հայր մերը», «Հրաշափառ» «Վարանիմք», «Ով զարմանալի» և «Հրաշացան» շարականները, իսկ «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախումբը (խմբավար Մարի Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան) կատարեց Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ», Մեսրոպ Մաշտոցի «Հայոց գրեր» և Ռաֆայել Պատկանյանի «Օրորոցային» երգերը:
Հանդիսության ընթացքում ցուցադրվեցին 1733 թվականին Վենետիկում Մխիթար Սեբաստացի աբբահոր կողմից հայերեն Աստվածաշնչի վերահրատարակության, 1786 և 1842 թվականներին Տփխիսի, 1857 և 1895 թվականներին Կոստանդնուպոլսի և այլ տարիներին հրատարակված տպագիր օրինակները:
Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ:Միջոցառման իրականացմանը մասնակցել էին թեմի հոգևոր դասը, «Հայարտուն» կենտրոնը, առաջնորդարանի պաշտոնեությունը:
Միջոցառումն ավարտվեց առաջնորդ Սրբազանի Պահպանիչ աղոթքով:
Վիրահայոց թեմ