«Ես չեմ կարծում, որ իշխանությունն այսօր ունի ռեսուրս՝ բռնության ճանապարհով գնալու, ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է ավելի խոհեմություն ցուցաբերի, եթե մտահոգված է երկրի, ժողովրդի ճակատագրով, պետք է գնա ավելի ժողովրդավարական ճանապարհով, եւ ժողովուրդը մասնակից դառնա մեր խորհրդարանի ձեւավորմանը, երկրի կառավարմանը»,- ՀԱԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունները պետք է դա գիտակցեն, քանի որ, ըստ նրա, հակառակ ճանապարհը կործանումն է։ Նկատառմանը, թե Մարտի 1-ի գործերը բացահայտված չեն, ի՞նչ հույս կարող է ունենալ, որ իշխանությունները կսթափվեն՝ Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց. «Ճիշտ եք ասում, որ հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի նրանց նախորդած եւ հաջորդած գործերի չբացահայտումը ենթադրում է նոր տիպի հանցագործությունների կրկնություն։ Բայց մենք՝ որպես Մարտի 1-ի փորձություններով անցած, յոթի գործով անցած անձնավորություն՝ ես եւ ընկերներս կարծում ենք, որ մենք ամեն ինչ արեցինք՝ գնալով այդ փորձությունների, տառապանքների միջոցով, որպեսզի մենք ունենանք ավելի լավ Հայաստան, ավելի ժողովրդավար Հայաստան, որտեղ հայերը պետք արարեն, ստեղծագործեն, ոչ թե մտածեն երկրից արտագաղթելու մասին։
2008-ից հետո Մարտի 1-ից ստեղծված շարժումները բավականին հարցերում փոքր քայլերով, բայց ստիպեցին իշխանություններին գնալ զիջումների։ Կարծում եմ՝ նման տեմպերով պետք է շարունակել՝ ստիպել, պարտադրել, որովհետեւ իշխանությունները ինքնակամ չեն կարող գնալ: Ժողովուրդը պետք է իր վճռական կամքը դրսեւորի, որպեսզի իշխանություններին պարտադրի գնալ այդ քայլերի կատարմանը»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև