«Սովորական ֆինանսական փաստաթուղթ, որի մեջ տնտեսական առաջընթացի մասին խոսք լինել չի կարող»,- դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով 2017 թվականի բյուջեին, ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց, որ սովորաբար բյուջեն այնպիսի փաստաթուղթ է, որն իր մեջ ուղերձ է պարունակում ե՛ւ քաղաքացիներին, ե՛ւ բիզնեսին. «Քաղաքացիներին ուղղված ուղերձն այն է, որ թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանալու, այսինքն՝ այն կյանքով, որ ապրել են կամ այն եկամուտները, որոնք ունեցել եք, դրանից ավել չեք ունենա: Բիզնեսի առումով, որ նայում եք այդտեղ որեւիցե ուղերձ չկա, որ գիտե՛ք՝ մենք կանգնած ենք ձեր կողքին, մենք ձեր խնդիրները լուծելու ենք:
Այստեղ կարեւոր մի խնդիր կա՝ մինչ այդ ընդունվել էր Հարկային օրենսգիրք, նույն այդ օրենսգրքով է պայմանավորված նույն այդ խնդիրները, որոնք պետք է լուծի կառավարությունը: Եթե այս կառավարությունը ընդունում է Հարկային օրենսգիրք, որը խիստ քննադատության ենթարկվեց այս տարվա ամռանը, երբ որ դեռեւս նախկին կառավարությունն էր, ես գտնում եմ, որ այդ կառավարությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել: Որովհետեւ Հարկային օրենսգիրքը ոչ թե նպատակ է հետապնդում ոչ թե տնտեսությունը խթանել, այլ բյուջեի միջոցներ հայթայթել քաղաքացիներին ավելի հարկելու համար: Այսինքն՝ որեւէ խրախուսական միջոցներ կամ միջոցառումներ կամ հնարավորություններ այդ Հարկային օրենսգիրքը չի տալիս: Մեր բյուջեն այդպիսինն է»:
Վահագն Խաչատրյանը հավելեց, որ 2017 թվականի բյուջեն զարգացման մասին որեւէ խոսք չի ասում. «Բյուջեն ընդամենը ասում է՝ գիտեք՝ ինչ կա այն, ինչ եղել է անցած տարի, նույնը կամ քիչ ավելի վատ կլինի 2017-ին»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ