«Որեւէ դրական տեղաշարժ մինչեւ հիմա չեմ տեսել»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կառավարության աշխատանքին, ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց, որ չի ընդունում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ներկայացրած ծրագիրը. «Արձանագրային կետեր էին ղեկավարի կողմից իր ենթականերին, թե ինչ պետք է անեն: Ընդհանուր ծրագիր, ռազմավարություն ես չեմ տեսնում, թեկուզեւ մտածել եմ, որ այդպիսի մի ծրագիր կներկայացվի ավելի ուշ: Ինչքան քայլեր, որ կատարվել են, մեր կյանքում էական փոփոխություններ չեն բերել»:
Վահագն Խաչատրյանը հավելեց, որ կառավարության փոփոխությունը ոչ թե տնտեսական քայլ էր, այլ քաղաքական. «Այդ շրջանակներում էլ նույն ձեւով ապօրինի հարստացման քրեականացման հոդված կամ օրենք ընդունելը, այդ հարցը Հայ ազգային կոնգրեսը շատ ավելի առաջ բարձրացրել էր: Հիմա այդ հարցը բարձրացնելով իրենք զուտ քաղաքական, նախընտրական քայլեր են կատարում, եւ ոչ ավելին: Ես չգիտեմ, թե հետագայում, դա ինչպես կօգտագործվի, առավել եւս, որ մի կարեւոր հանգամանք կար, որ այդ օրենքի հետադարձ կիրառման հարցը փակվեց այն հանգամանքից ելնելով, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Այդ օրենքը համարում եմ կիսատ, կարող է այս էտապում դա որոշակի նշանակություն ունենալ ժողովրդին ներկայանալու համար, բայց կիրառելու առումով վստահ չեմ, որ կունենա այն արդյունքը, ինչը որ մենք ենք կոնկրետ ակնկալում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև