Այսօր մեկնարկած ՀԱԿ համագումարում կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանն ամփոփեց ՀԱԿ-ի անցած ճանապարհն ու ձեռքբերումները: «Ղարաբաղ կոմիտեի անդամներ Լեւոն Տեր Պետրոսյանը, Ալեքսան Հակոբյանը, Վանո Սիրադեղյանը ակտիվորեն աջակցեցին վերածնված շարժմանը»,-ասաց Լեւոն Զուրաբյանը, ապա համագումարի պատվիրակները ծափերով ողջունեցին համագումարին ներկա «Ղարաբաղ կոմիտեի» անդամներին, նաեւ՝ Վանո Սիրադեղյանի ընտանիքի անդամներին:
Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ ՀԱԿ-ը մշտապես գտնվել է քաղաքական զարգացումների կիզակետում. «Միշտ կարողացել ենք գտնել երկրի ամենակարեւոր՝ իմաստավորված քաղաքական օրակարգը եւ դրա շուրջ կառուցել հանրահավաքային գործընթաց: Առաջինը «Հանրապետական» կուսակցության քաղաքական մեկուսացման ծրագիրն էր՝ 2013-2015թթ.: Չնայած այն չհասավ վերջնական նպատակին, բայց հաջողություններ գրանցեց»:
Անդրադառնալով Սահմանադրական հանրաքվեին՝ Լեւոն Զուրաբյանը գնահատական հնչեցրեց, որ այն անցավ ժողովրդական բարձր համախմբման պայմաններում. «Թեեւ հռչակվեց իշխանության հաղթանակը, ակնհայտ էր՝ «Ոչ»-ը տարել է ջախջախիչ հաղթանակ»:
Կարդացեք նաև
Զուրաբյանը կարեւորեց նաեւ Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով խորհրդարանական քննարկումները. «Արդյունքում առաջարկվեցին 5 պահանջներ: Կոնգրեսի ակտիվ դիվանագիտական աշխատանքը նպաստեց այդ պահանջների աջակցմանը միջազգային հանրության կողմից: Իշխանությունը ստիպված էր գնալ էական զիջումների: 15 տարի դիմադրելուց հետո իշխանությունը վերջապես համաձայնեց ընտրողների ստորագրած ցուցակների հրապարկմանը եւ տեսախցիկների տեղադրմանը»:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը եւ գործողությունները վճռորոշ եղան ռազմաճակատի ամրապնդման եւ կոշտ դիրքերից բանակցություններ վարելու հնարավորությունների համար:
Ինչ վերաբերում է առաջիկա ԱԺ ընտրություններին, Զուրաբյանի խոսքով. «Պետք է հասկացնել ժողովրդին, որ նոր սահմանադրության պայմաններում դրանք ավելի մեծ նշանակություն ունեն, քան նախագահական ընտրությունները՝ հին սահմանադրության պայմաններում: Վստահ եմ՝ մեզ կհաջողվի քաղաքականացնել ԱԺ ընտրությունները, որոնց ընդառաջ պետք է գնանք ՀՀ արտաքին եւ ներքին խնդիրների լուծման հստակ ծրագրով»:
ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը եւս հնչեցրեց Վանո Սիրադեղյանի անունը՝ հույս հայտնելով, որ նա ուղիղ եթերով հետեւում է համագումարի ընթացքին: Համագումարի պատվիրակներն այս անգամ երկարատեւ ծափերով ողջունեցին Վանո Սիրադեղյանին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ