Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է. ՀՀ վարչապետ

Դեկտեմբեր 17,2016 12:31

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:

Կառավարության ղեկավարը նախ հետաքրքրվել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ ներկայում մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է, վրացական կողմն այսօր էլ շարունակելու է աշխատանքները, որոնց արդյունքում ակնկալվում է, որ ճանապարհը կբացվի նաև բեռնատարների համար: Վարչապետ Կարապետյանն անհրաժեշտ է համարել նման արտակարգ իրավիճակներում Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցչի առկայությունը և տվել համապատասխան հանձնարարական:

Անցնելով օրակարգային հարցերին, խորհուրդը քննարկել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» վարկային համաձայնագրի գնումների պլանում փոփոխություններ կատարելու հարցը: Նշվել է, որ ծրագրում ներառվել են նաև նոր տրանսպորտային հանգույցների կառուցման նախագծեր, որոնք դեռևս քննարկման փուլում են: Հաջորդ հարցով խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1»-ի շրջանակում հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի, սակագնի և միասնական տոմսային համակարգի խորհրդատուի մրցույթի գնահատման արդյունքները: Վարչապետը կարևորել է Երևանում տրանսպորտային նոր ժամանակակից երթուղային ցանցի ներդրումը և նշել, որ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ: «Մենք իրականում պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է, ուրիշ տարբերակ չունենք: Պետք է նորմալ խումբ հավաքենք՝ այդ ցանցը ստեղծելու համար, նորմալ ախտորոշենք մեր խնդիրները, ցանցը բնութագրենք, հոսքերը բնութագրենք: Պետք է շատ հետևողական աշխատենք մրցույթը հաղթող կազմակերպության հետ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով նաև ուսանողների և առանձին այլ խմբերի համար տոմսային համակարգի ներդրումը:

Այնուհետև խորհուրդը քննարկել և հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-2» վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաղթղթերը: Տեղեկացվել է, որ ճանապարհահատվածն ունենալու է 15 կմ երկարություն և 4-6 երթևեկելի հատվածներ: Շինարարական աշխատանքների արժեքը գնահատվում է 36 մլն դոլար:

Հաստատվել են Երևանի արևմտյան հատվածը շրջանցող ճանապարհի Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Նոր Շիրակ ճանապարհահատվածի և Արտաշատի խճուղու ճանապարհահատվածի շինարարական պայմանագրին Արտաշատի խճուղու և հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածի միջև առկա տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքների իրականացմանը և խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման հաշվետվությանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031