Յոթամսյա գործունեությունից հետո .«Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական հիմնադրամի» բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 16-ին Ճարտարապետների միության դահլիճում:
Իսկ թե ո՞րն էր շարժառիթը, պարզաբանում է հիմնադրամի տնօրեն Անուշ Քոչարյանը. «Մենք որոշել էինք, որ մինչև չունենանք մշակութային «արտադրանք», փակագծերը չենք բացի: Եվ սեպտեմբերին քաղաքային տրանսպորտում ֆլեշմոբ կազմակերպեցինք («BUSyphony»): Երթուղայինում դասական երաժշտություն էր հնչում: Նույնիսկ արցունքներ նկատեցի մի կնոջ աչքերում, երբ հարցրի՝ ինչն է պատճառը, պարզվեց, որ ութ տարի շարունակ տնից աշխատանքի է գնացել, աշխատանքից՝ տուն, այս միապաղաղությունից հետո այդ փոփոխությունը հուզել է նրան: Իսկ առավել շատ գուցե այն հանգամանքը, որ այդ պահին երաժիշտները Կոմիտաս էին նվագում»:
Հիմնադրամը նպատակ ունի միավորել տաղանդավոր երիտասարդներին մի նպատակի շուրջ: Իսկ առաջադրվող խնդիրներին տալ այլընտրանքային լուծում:
Կարդացեք նաև
Հիմնադիր Աշոտ Տիգրանյանը, որը ԱՄՆ-ից հայրենիք է վերադարձել 30 տարի անց, դեռևս 2006 թվականին ստեղծել էր հայ-ամերիկյան նվագախումբ՝ նպատակ ունենալով միացնել երկու տարբեր աշխարհներ: Այդ նվագախմբում այժմ ներգրավված են 34 երաժիշտներ, որոնցից 18-ը՝ հայ, մյուսները՝ 12 տարբեր երկրների ներկայացուցիչներ: Ջոն Հեսթերը (հայ-ամերիկյան միացյալ նվագախմբի կոնտրաբասիստ (ԱՄՆ-ից) առաջին անգամ է Հայաստանում. «Հայաստանն առաջինն առանձնացավ իր ձմեռով :Եթե Երևանում մարդիկ անձրևանոց են պահում ձյունից պաշտպանվելու համար, ապա Լոս Անջելեսում ճիշտ հակառակը՝ շոգից պաշտպանվելու»:
Բացման արարողությունը չսկսվեց վիճակագրական տվյալների ներկայացմամբ կամ իրար հաջորդող թվականներով և համապատասխան իրադարձություններով: «Բարև ձեզ: Ես Անուշ Քոչարյանն եմ: Ծնվել եմ Հայաստանի Հանրապետության անկախության հետ. կարծում եմ՝ անկախությունն էլ՝ ինձ հետ: Ծնվել եմ հետարդյունաբերական քաղաք Վանաձորում՝ շրջապատված գործարաններով… չաշխատող գործարաններով: Այս շեշտադրումները կարևորում եմ, որովհետև այս բեմում նստած են իմ սերնդակիցները, ովքեր ծնվել են այնպիսի քաղաքներում, որտեղ ևս կային գործարաններ և չէին աշխատում…»:-նշում է«Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական հիմնադրամի» տնօրենը՝ ներկայացնելով անկախության սերնդի ֆենոմենը:
Մարիամ Խաչատրյան