Մտքումս մի այլ գրելիք էր, բայց անվերջ իջնող ձյունը ինձ տարավ հասցրեց առաջին մարդու ծնունդին:
Այո, այդպես ծնվեց առաջին մարդը` կրակե ծաղիկը ձեռքին, որի սրտի մեջ, ինչպես կարմիր վարդի սրտում, շողշողում էր կինը՝ որպես նարնջագույն արցունքի շփոթված կաթիլ: Եվ այդ կինը Մեծ Մայրն էր, որի քնքուշ կոնքերի խորախորհուրդ խորհրդում լույս աշխարհ դուրս գալու անհագ ցանկությունից կարկամ սպասում էին նրա զավակների՝ արդեն կենդանի հունտերը:
Հետո արդեն տեսնելով կրակե ծաղկից դուրս ելնող առաջին կնոջը` սկիզբ առավ կրակի ու ջրի հավերժական կռիվը: Ծովը շարունակում էր ծանր շնչել, բարձրանում էր ու իջնում, հորձանք տալիս երկրի վրայով եւ չկարողանալով հաղթել կրակին` իր խանդափրփուր խորքերից ծնունդ տվեց երկրորդ կնոջը, ով, սակայն, Մեծ Մայրը չէր:
Ծովը ծնունդ տվեց իր նման անսահման, փրփուրի պես թեթեւ եւ ծովահարսի նման հմայող իր ստեղծած կնոջը: Եվ մի օր, բարձրացնելով իր ալիքների կատարին, ցույց տվեց առաջին տղամարդուն:
Կարդացեք նաև
Ծովը խանդում էր կրակին, ծովը վրեժխնդիր էր, եւ որպեսզի նրան հաղթեր, կրակից ծնված կնոջ դիմաց կանգնեցրեց իր ստեղծած փրփրածին կնոջը, եւ առաջին տղամարդը շփոթվեց, թեեւ ծնվել էր կրակե ծաղիկը ձեռքին:
Եվ նկատելով երկու կանանց միջեւ կանգնած առաջին տղամարդու թափառ, մոլորված հայացքը` ծովը խորը շունչ քաշեց եւ իր հետ տանելով իր ստեղծած փրփուր աղջկան` հասկացավ, որ հաղթել է կրակին: Քանի որ նա գիտեր արդեն, որ առաջին տղամարդը այլեւս հանգիստ չի ունենալու, քանզի հողի վրա` կրակի կողքին, շարունակ կարոտելու է ծովին, իսկ ծովում կարոտելու է հողին ու կրակին:
Այո, դա այդպես եղավ: Ծովն ու կրակը կռվեցին ու հաշտվեցին, նրանք խաղաղվեցին ու դարձյալ կռվեցին: Այդպես նրանք խաղում էին շարունակ: Դա նրանց սիրելի սովորույթն էր, նրանք այդպես էին ուրախանում: Նրանք ուրախանում էին, իսկ տղամարդն ու երկու կանայք այդ օրվանից դատապարտվեցին հավերժ տառապանքի, քանզի ոչ մի տեղ չկար նրանց փնտրած կատարյալ երջանկությունը` ո՛չ ծովի վրա, ո՛չ էլ կրակի կողքին:
Այո, այդպես եղավ աշխարհաստեղծման արշալույսին: Եղավ ու շարունակվեց եւ դեռ շարունակվելու է այնքան, քանի դեռ կա ծովը, կան հողն ու կրակը, ու նրանց արանքում` տղամարդն ու կինը` հավերժական մենակ:
Եվ որպեսզի այնուհետեւ չափից ավելի հաճախ չնայի ծովի կողմը, չտարվի ծովի՝ շարունակ կանչող հմայքով, տղամարդը սկսեց հողը զարդարել Մեծ Մոր արձաններով: Ու ցանկանալով փակվել, ներանձնանալ իր մեջ եւ ընդմիշտ մնալ իր տաքուկ կրակի կողքին` սկսեց մեծարել, խնկարկել նրան, անուշահոտ բուրմունք արձակող տարաբնույթ ծաղիկներով զարդարել նրա ոտքերը եւ ծունկի իջնել պտղաբեր զավակատան առջեւ:
Իսկ կինը, օ՜ հեռատես կին, իր տղամարդուն նույնպես իր տան կրակի կողքը պահելու համար նրան եւ նրա այրական սկիզբը փառաբանելու համառ ցանկությամբ նրա առնանդամի հինգ մետրանոց հուշարձաններ կանգնեցրեց: Եվ ամեն առավոտ ու իրիկուն նույնպես խնկարկում էր այդ ահեղ ցցունքները՝ միայն թե իր տղամարդու հայացքը հեռու պահի ծովից:
Բայց նորաստեղծ աշխարհում մարդն արդեն ուրիշ հուն էր ընտրել իր հեռավոր ճանապարհի համար, եւ այդ ճանապարհը նրան տրվել էր, երբ դեռեւս նա չգիտեր, որ կան նաեւ ուրիշ ուղիներ: Թեեւ նրա համար անհնարին էր դառնում անընդհատ վախի մեջ ապրելը:
Բայց վախենալով` ժամանակը չես կանգնեցնի:
Օրերն անցնում էին, եւ անչափագիր ծովի ձայնը, միեւնույն է, շարունակ կանչում էր տղամարդուն: Ու նա հաճախ ծովի փրփուրներից ծնված աղջկան տեսնում էր փակ աչքերով եւ այսահարվում:
Իսկ ձյունը շարունակում էր տեղալ՝ հիշեցնելով, որ սերը ջրի ու կրակի արանքում է:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ