Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակը բարդ է ոչ միայն ԼՂ հակամարտության առումով, այլեւ գլոբալ համատեքստում»

Դեկտեմբեր 17,2016 17:30

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ Արցախում ՀՀ նախագահի
արած հայտարարությունների հիմնական ուղերձների մասին

«ԼՂ հարցով բանակցություններ չկան, բանակցային գործընթաց չկա, վերջին լուրջ խոսակցությունը ԼՂ խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10-ին, դրանից հետո որեւէ լուրջ խոսակցություն չի եղել»,- այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Առավոտը» Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանից հետաքրքրվեց` ի՞նչ ուղերձներ է հղում Սերժ Սարգսյանը` հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Համբուրգում անցկացրած հանդիպման արդյունքներով արված հայտարարության համատեքստում, որով համանախագահները հայտարարեցին, որ եթե կողմերը չկարողանան առաջընթաց գրանցել բանակցություններում, ապա բռնությունների վերսկսման հեռանկարները միայն կաճեն, եւ կողմերը ամբողջական պատասխանատվություն կկրեն դրա համար:

Պարոն Մինասյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մինսկի խմբի հայտարարության համատեքստում չէր, այլ ավելի շատ ուղղված էր ներքին լսարանին: Քաղաքագետն այնուհետեւ փաստեց, որ գործընթացը փակուղու մեջ է շատ պարզ` ադրբեջանական կողմի պատճառով. «Ստեփանակերտում արած հայտարարությունը Մինսկի խմբի համար չէր արված, այլ պատասխան էր մտավորականության ներկայացուցիչների հարցին»: Դառնալով այն պնդմանը, թե ԼՂ խնդրով օգոստոսի 10-ից հետո որեւէ լուրջ խոսակցություն չի եղել, պարոն Մինասյանը նշեց. «Օգոստոսի 10-ին պարզ դարձավ, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման հետ կապված, կանգնած է: Ելնելով դրանից` հայկական կողմը մեղք ու պատասխանատվություն չի կրում, եւ այդ առումով ՀՀ նախագահը հասարակությանը հասկացնում է, որ տեսանելի ապագայում նույնիսկ տեսականորեն առաջընթացի հնարավորություն չկա: Կես տարուց ավելի գործընթացը կանգնել է, եւ Համբուրգի հանդիպումը ցույց տվեց դա»:
Սերգեյ Մինասյանը պարզաբանեց, որ սառեցված գործընթացը ոչ թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին է, այլ սկզբնական վստահության մեխանիզմների ապահովման:

Ըստ պարոն Մինասյանի` Սերժ Սարգսյանի ուղերձն այն է, որ հասարակությունը պիտի հասկանա, որ, ցավոք, ոչ մի դրական քաղաքական, դիվանագիտական զարգացում հարցի շուրջ չկա եւ չի էլ կարող լինել:

Հարցին` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հիմա այցելեց ԼՂՀ, պարոն Մինասյանը պատասխանեց, որ պաշտոնապես տրվել է դրա պատասխանը, թե մշակույթի որոշ գործիչներ դիմել են ՀՀ մշակույթի նախարարին, եւ այս հանդիպումը որպես հնարավորություն տրվել էր նրանց տեղում այցելելու ղարաբաղյան սահման եւ ծանոթանալու իրավիճակին:

Մեր հարցին` իսկ ոչ պաշտոնական պատճառը ո՞րն է, պարոն Մինասյանն առանձնացրեց ապրիլյան եւ հուլիսյան իրադարձությունները, նախընտրական պայքարի սկիզբը, ինչն անհրաժեշտություն է ստեղծում, որ որոշ լուրջ հարցերի շուրջ երկրի նախագահը տա պարզաբանումներ եւ բացատրի իրավիճակը:
Սերժ Սարգսյանը Արցախում կայացած հանդիպմանը անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին՝ հայտարարեց, որ այս պահին հատուկ լարված իրավիճակ չկա, սովորական իրավիճակ է, որ կարելի է ասել՝ շատ ավելի հանդարտ է, քան մեկ տարի առաջ: Սակայն մյուս կողմից՝ ՀՀ նախագահը, պատասխանելով Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հարցին, թե ինչու է այս ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը որոշել այցելել ԼՂՀ, ասել էր. «Ինձ համար այս այցը ներքին պարտադրանք է: Այն ժամանակն է, երբ եւ՛ զորքը, եւ՛ բնակչությունը, եւ՛ քաղաքացիները պատրաստ պիտի լինեն մի դժվարին ժամանակ անցկացնելու»:

Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ նախագահը մի կողմից՝ հանգստացնում է հասարակությանը` նշելով, որ սահմանին հանգիստ է, մյուս կողմից՝ զգուշացնում է, որ պետք է պատրաստ լինել դժվարին ժամանակների, պարոն Մինասյանն այսպես արձագանքեց. «Նախագահի ուղերձն այն է, որ մի կողմից՝ ռազմական առումով մենք ավելի պատրաստ ենք, քան մի քանի ամիս առաջ, մյուս կողմից՝ իրավիճակը բարդացել է ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության առումով, այլեւ գլոբալ համատեքստում»: Հարցին` արդյոք Սերժ Սարգսյանի խոսքում պատերազմի վերսկսման մտահոգություն կա՞, պարոն Մինասյանը պատասխանեց. «Պատերազմի վերսկսման շարունակության հարցն ավելի բարդ է եւ հայտարարությամբ չի որոշվում: Բայց այն, որ իրավիճակը լուրջ է ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, այլեւ տարածաշրջանային մակարդակով, նկատի ունեմ՝ Մերձավոր Արեւելք, Ռուսաստան-Արեւմուտք, դա փաստ է»:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

16.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031