Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայաստանում մենաշնորհներ չկան

Դեկտեմբեր 17,2016 17:00

Ըստ Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ
Կարեն Զադոյանի՝ Հայաստանը կարող է Վրաստանից առաջ անցնել

«Մենք ինը տարի պայքարել ենք, որ Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացվի: Սկզբում մեզ վրա ծիծաղում էին, հետո սկսեցին ավելի լուրջ ընդունել, իսկ այսօր մեր քննադատներից շատերը այս նախաձեռնության ջատագովներն են: Նույնիսկ կան կուսակցություններ եւ լիդերներ, որոնք իրենց են վերագրում այս նախաձեռնությունը: Ինչեւէ: Գլխավորը՝ մենք կարողացանք հանրության եւ իշխանության մեջ բեկում մտցնել, եւ ինչպես ցույց տվեցին նախագծի քվեարկության արդյունքները՝ բոլորը կողմ են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը` անդրադառնալով երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին նախագծին: Մեր զրուցակիցը սա եզակի նախագիծ է համարում, որը հանրության սպասելիքն է արտահայտում: Ուստի կարծում է, որ հենց այդ պատճառով էլ այն հնարավորություն կտա կյանքի կոչելու ժամանակին նախագահ Սերժ Սարգսյանի արած արտահայտությունը` «մեծ ձկներին պետք է գլխից բռել»: Բայց միայն օրենքի ընդունումը, ըստ Կարեն Զադոյանի, չի լուծի խնդիրը:

Հավելյալ ջանքեր են պահանջվելու թե՛ օրենքը կիրառողներից` իրավապահ մարմիններից, թե՛ հանրությունից` ապօրինի հարստացման օրինակները մատնանշելու առումով: «Այդ պատճառով, այս օրենքին զուգահեռ, մենք այլ կառուցակարգեր էլ ենք առաջարկել: Խնդրի ամբողջական լուծման համար շատ կարեւոր է ազդարարների պաշտպանության եւ խրախուսման մասին օրենսդրության ընդունումը»,- ասում է Կարեն Զադոյանը` հավելելով, որ միջազգային պրակտիկայում ապօրինի հարստացումների մասին ազդարարների գաղտնիության պահպանման եւ նրանց ֆինանսական խրախուսման փորձ կա. նախ՝ որպեսզի նրանց զերծ պահեն տարբեր հետապնդումներից եւ հաշվեհարդարներից, ապա նաեւ պարգեւատրեն, քանի որ նրանց գործունեության արդյունքում բյուջետային գումարները վերադարձվում են պետությանը: Միջազգային փորձում պարգեւատրումը սահմանվում է թաքցված գումարի 10-30 տոկոսի սահմաններում: Ամենամեծ պարգեւատրումը եղել է 2013 թվականին` ԱՄՆ-ում: Ազդարարը պարգեւատրվել է 104 միլիոն դոլարով՝ ամերիկյան ընկերությունների կողմից շվեյցարական բանկերում 760 միլիոն դոլար հարկ թաքցնելը ազդարարելու համար:

ԱԺ-ի հավանությանն արժանացած նախագիծը գործելու է 2017 թվականի հուլիսի 1-ից: Դա, ըստ Կարեն Զադոյանի, նշանակում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք 785-ն են Հայաստանում, հնարավորություն ունեն գույքի եւ եկամուտների առաջիկա հաշվետվության մեջ ուղղումներ անելու` ներկայացնելով մինչ այժմ չհայտարարագրված գույքը եւ եկամուտները. «Հայտարարագրերով՝ իրենք արդեն դուրս են գալիս «սպիտակ դաշտ», եւ դրա համար իրենք այլեւս պատասխանատվության չեն ենթարկվի ապօրինի հարստացման համար: Բայց մի շատ կարեւոր այլ խնդիր էլ կա` ինչպե՞ս հանրությունը կընդունի ադ պաշտոնյաներին: Միջազգային փորձը ցույց է տալիս, եւ ես վստահ եմ, որ հանրությունը կբարձրաձայնի այդ դեպքերի մասին եւ կկազմի իր, այսպես ասած, այդ պաշտոնյաների «ամոթանքի ցուցակը»: Միջազգային պրակտիկայում դա էլ է ընդունված. կա կոռուպցիոներների կայք, նրանց տվյալները հրապարակվում են: Այս դեպքում մենք էլ պետք է ունենանք մեր համապատասխան ցուցակը. այսօրվա օրենքով՝ պատասխանատվության չեն ենթարկվելու, բայց իրականում հանրության ընկալումներում իրենք կոռուպցիոներներ եւ ապօրինի հարստացածներ են լինելու: Հանրությունը միանշանակ պահանջելու է, որպեսզի այդպիսի մարդիկ լքեն պետական պաշտոնները` տեղ ազատելով երիտասարդ, բանիմաց, պրոֆեսիոնալ եւ բարեխիղճ մասնագետների համար, որոնք զերծ կլինեն այդ վատ հատկանիշներից»:

Դիտարկմանը` ո՞րն է երաշխիքը, որ օրենքը կիրառվելու է եւ չի արժանանալու մյուս լավ օրենքների ճակատագրին, մեր զրուցակիցը հակադարձեց. «Այս օրենքի պահանջատերը հանրությունն է: Քանի որ այս օրենքի նախաձեռնողը եղել է քաղաքացիական հասարակությունը, ինքն էլ պետք է դրա կիրառման պահանջատերը լինի: Սա տարրական եւ հերթական օրենքներից չէ: Մենք շատ ուշադիր հետեւելու ենք այս օրենքի կիրառմանը, մշտադիտարկման ենք ենթարկելու եւ անընդհատ քաղաքացիական հասարակության կարծիքն ու վերաբերմունքը, հորդորներն արտահայտելու ենք: Իսկ օրենքի կիրառման համար հենց օրենքով սահմանված երաշխիքներն են եւ այն բոլոր կառուցակարգերը, որոնք հնարավորություն կտան օրենքն արդյունավետ կիրառել: Կառուցակարգերից մեկը ազդարարների գաղտնիության պահպանումն ու խրախուսումն է, մյուսը` կանխիկ գործարքների սահմանափակումը: Դա էլ մեր առաջարկությունն է եղել: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, մասնավորաբար՝ փոխառությունների եւ նվիրատվությունների մասով: Այդ համակարգը պետք է փոխվի, իսկ դրա միակ տարբերակը անկանխիկ գործարքներն են: Այդ դեպքում հստակ կերեւան իրական ու ոչ իրական փոխառություններն ու նվիրատվությունները: Վստահ եմ, որ այս օրենքից հետո միանգամից փոխառությունների եւ նվիրատվությունների ծավալը կիջնի: Ահաբեկչության դեմ պայքարի մեր օրենսդրությունն այսօր երաշխիքներ ունի, ու ըստ այդմ՝ հինգ միլիոն եւ ավելի դրամական գործարքների մասով կասկածների դեպքում դրանք հայտնվում են ԿԲ-ի դիտարկման տիրույթում: Մենք փորձել ենք կապել սրանք իրար հետ, եւ վստահ եմ՝ արդյունքներ կլինեն»:

Նախագծով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա ստեղծվող կանխարգելիչ մարմինը պետք է համակարգի այս գործընթացը, ինչը քննարկումների ժամանակ տարակուսանքների տեղիք տվեց: Ստացվում է՝ գործընթացը համակարգվելու է «Բաղրամյան 26»-ից` իր բոլոր հայտնի հետեւանքներով հանդերձ: ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ուսումնասիրություններ է կատարել եւ երկու առաջարկ ունի` ստեղծել ունիվերսալ մարմին, որը եռաչափ մոտեցում է ենթադրում` կրթություն, կանխարգելում, պատիժ եւ երկրորդ տարբերակը` կանխարգելիչ մարմին, որը ներառում է կրթությունը եւ կանխարգելումը: Իրավապահ մարմինն էլ այս դեպքում կլինի մասնագիտացած միայն կոռուպցիոն հանցագործությունների քննման մեջ: ՔՀԿ-ների կոալիցիան նման մարմին դիտարկում է ՀՔԾ-ն: Նման փորձ աշխարհում կա, օրինակ՝ Լիտվայում ՀՔԾ-ն զբաղվում է կոռուպցիոն հանցագործություններով ու արդեն ունիվերսալ է դարձել` ներառելով նաեւ կրթական եւ կանխարգելիչ գործառույթները:

Կարեն Զադոյանի կարծիքով՝ դասական եւ այլընտրանք չունեցող տարբերակը հենց ունիվերսալ տարբերակն է, ու վաղ թե ուշ նաեւ մեր իշխանություններն են հանգելու դրան՝ պարզապես արդեն որոշակի ժամանակահատված կորցնելով: Կարեն Զադոյանը օրինակ է բերում հակակոռուպցիոն խորհրդում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման իրենց 2,5 տարի առաջ արված առաջարկները, որոնք մերժվեցին այն ժամանակ: Նախատեսվում էր այդ կառույցում քաղհասարակության երկու ներկայացուցիչ, ինչը քաղհասարակության ներկայացուցիչները քիչ էին համարում: Արդյունքում քաղհասարակությունը բոյկոտեց հանձնաժողովի աշխատանքը: Հետագայում՝ արդեն ապրիլյան պատերազմից հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած փակ հանդիպումից հետո, այսպես ասած, «սայլը տեղից» շարժվեց, եւ Հակակոռուպցիոն խորհրդում քաղհասարակության ներկայացուցիչները՝ ի դեմս ՔՀԿ-ների կոալիցիայի, վեց կետանոց առաջարկներ ներկայացրին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին: Նոր կառավարության ծրագրում էլ արդեն ամրագրված են Հակակոռուպցիոն խորհրդի կազմի փոփոխությունը եւ քաղհասարակության մասնակցության ավելացումը: ՔՀԿ-ների առաջարկներից որոշները դանդաղեցին` կառավարության փոփոխություններով պայմանավորված: «Մեր իշխանությունն այժմ պետք է արագ անցնի այս փուլը: Այսինքն՝ լուծումները պետք է ընդունվեն ավելի ապագային միտված:

Թեպետ իշխանության ընտրած տարբերակն էլ լուծում է, քանի որ այսօր Հայաստանում չունենք անկախ հակակոռուպցիոն մարմին: Հակակոռուպցիոն գործառույթներ իրականացնող մոտ 20-25 մարմին կա: Դրանք պետք է մեկ-երկու մարմնում կենտրոնացվեն` արդյունավետություն ապահովելով»,- ասում է մեր զրուցակիցը:

ՔՀԿ-ների կոալիցիան հետամուտ է լինելու նաեւ վերջնական սեփականատերերի բացահայտման համակարգի ներդրմանը: Նախագիծը մշակված է, բայց այն կառավարության առաջնահերթություններում դեռ չկա: Կարեն Զադոյանն ասում է, որ հետամուտ են լինելու նաեւ այդ համակարգի արագ ներդրմանը, քանի որ այն նպաստելու է գնումների գործընթացի, մենաշնորհների, ընդհանրապես՝ ազատ տնտեսական հարաբերությունների թափանցիկությանը: «Գնումներին մասնակցում են պաշտոնատար անձանց պատկանող ընկերություններ, որոնք գրանցված են օֆշորային ընկերություններում: Այդ ընկերությունների սեփականատերերը իրավաբանական անձինք են, ու հնարավոր չէ իմանալ` ո՞վ է վերջնական սեփականատերը: Պանամական փաստաթղթերի սկանդալից հետո մենք առաջարկում ենք այս դաշտը եւս հստակեցնել: Նույնը` մենաշնորհների դաշտի հետ: Վարչապետներն ասում են` պետք է բացահայտել մենաշնորհների դաշտը: Հետո պարզվում է՝ մենաշնորհներ չկան: Չկան, որովհետեւ վերջնական սեփականատերերը պարզ չեն: Նույն շաքարավազի շուկայում կան մեկ մեծ եւ մի քանի փոքր խաղացողներ: Բայց որեւէ մեկը վերջնական սեփականատերերին չի բացահայտել, ու պարզ չէ` նույնը չե՞ն, արդյոք, վերջնական սեփականատերերը: Բացահայտման դեպքում հստակ պատկեր կունենանք»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ այստեղ նուրբ է պետք գործել, որպեսզի սահմանափակումները չխոչընդոտեն արտերկրից, այդ թվում՝ օֆշորային գոտիներից մեր երկրում ներդրումներին:

«Հայաստանը Վրաստանից վատը չէ: Եթե Վրաստանը կարողացավ վարչական կոռուպցիան հաղթահարել, մեր առաջարկած կառուցակարգերի շնորհիվ Հայաստանն ավելի արագ կարող է դա անել: Ի դեպ, ի տարբերություն Վրաստանի՝ մենք զուգակցում ենք նաեւ քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարը: Վստահ եմ, որ մեր ցուցանիշները ոչ միայն միջազգային հակակոռուպցիոն գնահատման տարբեր ձեւաչափերում կբարձրանան, այլեւ իրականում, եթե այս ամենն արվի»,- կարծում է Կարեն Զադոյանը:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

16.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031