Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե երեխայի մահվան համար կա մեղավոր, ապա դա պետք է պարզվի, ու պատիժ լինի»

Դեկտեմբեր 17,2016 16:30

Արտաշատի ծննդատանը նորածնի մահվան համար մայրը
ոչ ոքի չի մեղադրում, բայց ասում է՝ «Ինչ-որ հնար կլիներ փրկելու»

«Ես մենակ ուզում եմ իմանալ՝ ինչի՞ մահացավ իմ էրեխեն, էդքան բան»,- ասում է Կարեն Սուքիասյանը, որի առաջնեկն Արտաշատի ծննդատանը օրեր առաջ ծնվելիս մահացել է:

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում, դստերը տեղափոխել է Արտաշատ քաղաքի ծննդատուն՝ ծննդաբերելու, սակայն մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը պատշաճ կարգով չի կատարել իր մասնագիտական պարտականությունները, որի հետեւանքով նույն օրը՝ ժամը 22-ի սահմաններում, նորածինը բաժանմունքի ծննդաբերական սենյակում մահացել է:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կարեն Սուքիասյանն «Առավոտին» ասում է. «Ուզում ենք իմանալ՝ եթե մինչեւ ծննդաբերությունը ոչ մի վատ բան չի եղել, բժիշկները ոչ մի վատ բան չեն ասել, վերջին րոպեին բա խի՞ մահացավ էրեխեն: Իրանք ուղղակի ասացին, որ գլուխը, դիրքը էն չի, դեղ տվեցին, ասացին՝ կդիրքավորվի: 3 օր հետո ըտենց եղավ»:
Սուքիասյանի պատմելով՝ մինչ կնոջ ծննդաբերությունը բժիշկները հավաստիացրել են, որ ամեն ինչ լավ է լինելու, առողջ պտուղ է. աղջիկ երեխա է, շուտ կծնվի. «Մինչեւ վերջին րոպեն էլ առողջ է եղել էրեխեն, դաժե կոնսուլտացիայի բժիշկն էլ զարմացավ, ասաց՝ ո՞նց կարար տենց բան լիներ: Ասում են՝ պորտալարի կարճությունից է մահացել, եսիմ ինչ, ես բժշկությունից չեմ հասկանում, ասում են՝ ջրերն են պղտոր եղել: Ես էլ հարցրի՝ բա ինչի՞ վիրահատություն չեք արել, որ պտղաջրերը պղտոր են եղել, ինչի՞ եք առավոտից մինչեւ ժամը 10-ը սպասել, ասացին՝ սաղ նորմալ էր»:

Մահացած երեխայի մայրը՝ 24-ամյա Հասմիկ Սուքիասյանն էլ «Առավոտին» պատմում է. «Երեխայի գլուխը վերեւ է եղել, ասում էին՝ հլը ժամանակը չի: Դեղ տվեցին, որ շուտ ծնվի: Մինչ ծնվելը ասում էին՝ ոչ մի խանգարող հանգամանք չի եղել, առողջ է եղել: Չեմ էլ ուզում մեղադրել ինչ-որ մեկին, բայց, ամեն դեպքում, ինչ-որ հնար, միջոց կլիներ երեւի փրկելու, գուցե հնարավոր էր փրկել»:
Արտաշատի ծննդատան բաժնի վարիչ, ծնունդն ընդունող բժիշկ Զեմֆիրա Նավասարդյանն էլ «Առավոտի» հետ զրույցում երեխային փրկելու մասին ասում է. «Ամեն ինչ արել եմ, վերջին րոպեին երեխայի գլուխը որ պիտի դուրս գար, զարկերն ընկել են, վակուումով հանել եմ, բայց արդեն զարկերը չկային: Պորտալարը կարճ էր, փաթաթվել էր պարանոցին եւ խեղդել: 30 սանտիմետրանոց պորտալար էր, ես ի՞նչ կարող էի անել»:

Արդյոք ուլտրաձայնային հետազոտություն չի՞ արվել, հնարավոր չէ՞ր այդ կերպ պարզել, որ պորտալարը երեխայի պարանոցին է փաթաթված՝ մեր այս հարցին ի պատասխան տիկին Նավասարդյանն ասում է. «Էդ րոպեին չէինք կարող ուլտրաձայնային հետազոտություն անել, գլուխն արդեն պտտում էր սեռական ճեղքից, բայց զարկերն իջան, արագացնելու համար շեքահատում ու վակուում արեցի ու պտուղը հանել եմ: Նախքան այդ էլ հետազոտության պատասխանում պորտալարի վիճակի մասին չի գրվել»:

Սուքիասյանների այն պնդմանը, որ գուցե կեսարյան հատում անեին, ու երեխան փրկվեր, բժիշկն ասում է. «Մանկաբարձը հարցրել է՝ կեսարյան անե՞նք քեզ, կինն ասել է՝ վայ-վայ-վայ, կեսարյանի անուն չտաք: Բացի այս, որ գլուխը դուրս էր գալիս, էլ ի՞նչ կեսարյան: Ես գտել եմ, որ ինքը պետք է իր ուժերով ծննդաբերի: Բայց ո՞վ կպատկերացներ, որ ծնվելու պահին այդպիսի բան կկատարվի: Առողջ, իր ոտքով եկել էր ծննդատուն, ճիշտ ժամանակին, հասուն հղիություն էր»:

Զեմֆիրա Նավասարդյանը վստահեցնում է՝ 40 տարվա աշխատանքային փորձ ունի, եւ երբեք մայրական եւ մանկական մահվան դեպքեր իր՝ ծնունդ ընդունելու ժամանակ չեն եղել, Սուքիասյանների երեխայի մահն իր պրակտիկայում առաջին դեպքն էր. «Հարազատները գոհ էին սկզբում, էդ աղջիկը տեսել է, թե իր վրա ինչ աշխատանք ենք տարել»:

Առողջապահության նախարարությունից «Առավոտին» վստահեցնում են՝ նախարարությունում մահվան դեպքերը քննելու համար հանձնաժողով կազմվում է միայն մայրական մահացության դեպքերում. «Իսկ նորածնի կամ երեխաների մահվան դեպքերով նախարարությունում հանձնաժողով է ստեղծվում, երբ հասարակական հնչեղություն է լինում, հարազատները դժգոհում են: Այս դեպքի առթիվ նախարարության մասնագետները ուսումնասիրություն կատարել են, բայց քանի որ գործը իրավական հարթությունում է, ավելի բան չենք կարող ասել»:

Նկատենք, որ այս տարի մայրական եւ մանկական մահացության մի քանի դեպքեր են եղել, ու չնայած սրան՝ նախարարությունից վստահեցնում են, որ նախորդ տարվա համեմատ՝ թե՛ մայրական, թե՛ մանկական մահվան դեպքերը նվազել են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի 7.9%-ով նվազում, իսկ մանկական մահացության գործակիցը 1000 ողջ ծնվածի հաշվով կազմել է 8.6%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 9.1%-ի համեմատ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների՝ 2016-ի 11 ամսվա ընթացքում 0-1 տարեկան երեխաների մահերի բացարձակ թիվը կազմել է 325 դեպք` 2015-ի նույն ժամանակահատվածի 336 դեպքի համեմատ:

Մահացած երեխայի ծնողները պնդում են. «Եթե երեխայի մահվան համար կա մեղավոր, ապա դա պետք է պարզվի, ու պատիժ լինի»:

«Պատճառը դիահերձումը կպարզի: Ես երդվում եմ՝ 30 սանտիմետր պորտալար էր, որը փաթաթվել էր պարանոցին ու խեղդել պտղին»,- ասում է բժիշկ Զեմֆիրա Նավասարդյանը:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

16.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031