Լրահոս
Օրվա լրահոսը

Տղա ունենալը պարտադիր չէ. ծնողների համար հոգ են տանում կա՛մ հարսները, կա՛մ աղջիկները

Դեկտեմբեր 17,2016 16:00

«Արթիկում երեխային հարցնում են` բալիկ ջան, անունդ ի՞նչ է, ասում է` տղա». այս մասին պատմել է փորձագետը: Օրերս «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը հրապարակեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների նվազեցմանն ուղղված առաջարկությունները Հայաստանում գրքույկը, որում մի շարք փորձագետներ այս թեմայի վերաբերյալ փորձագիտական տեսակետներ են հայտնել:

Չնայած նրան, որ մեր երկրում շարունակվում է նորածինների համամասնության ցուցանիշը էական տարբերություն գրանցել, եւ 100 աղջկան բաժին է ընկնում 113 տղա, այդուհանդերձ՝ մասնագետները պնդում են, որ այս հարցում չնչին, բայց առաջընթաց կա: Փորձագետներն առաջընթացը պայմանավորում են մասնագիտորեն կազմակերպված իրազեկվածության քարոզարշավներով ու լրատվամիջոցներով խնդիրը բարձրաձայնելով: Օրինակ` 2-3 տարի առաջ նորածինների համամասնության ցուցանիշը եղել է 100 աղջիկ եւ 114 տղա երեխայի ծնունդ, վերջին տվյալով` այդ թիվը դարձել է 113:

Ըստ փորձագետների՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հիմնախնդրի լուծման գործում դեր ունի նաեւ մտածողության փոփոխությունը կոնկրետ ոլորտներում, որոնցից մեկը տոհմի ազգանունը շարունակելու հասարակական ընկալման փոփոխությունն է:
«Մարդիկ մեծ անհանգստություն ունեն, որ եթե իրենք տղա չունենան, էդ տոհմը կվերանա կգնա, իրենք էլ՝ էդ տոհմի հետ միասին: Եթե կոնկրետ ինչ-որ քաղաքականություն աշխատի, ապա այս մտածողությունը դուրս կգա, եւ մարդը չի մտածի, որ եթե իր ազգանունը կրող տղա չեղավ, աշխարհը կվերանա»,- նշել է փորձագետը:

Մեկ այլ խոչընդոտ էլ, ըստ մասնագետների, ժառանգության գենդերային բաշխման վերաբերյալ խորը արմատացած պատկերացումներն են. «Հիմա մենք ինչ-որ աբսուրդ իրականության մեջ ենք: ՀՀ օրենսդրությունը ոչ մի խտրականություն չի դնում ժառանգության առումով, բայց մարդիկ սովոր են, որ իրենց ունեցածը պիտի ժառանգեն իրենց տղային եւ ոչ թե աղջկան: Եթե մենք կարողանանք ինչ-որ քաղաքականություն կիրառելով հասնել նրան, որ պրակտիկա դառնա, որ ոչ միայն տղային ժառանգություն թողնեն, այլեւ աղջկան, ապա դա էլ բավականին բան կփոխի»:

Որպես կարեւոր հարց առանձնացվել է նաեւ ծնողների խնամքի հարցը: Ըստ հասարակության մեծամասնության պատկերացումների` տարեց ծնողների մասին հոգ տանելը տղաների գործն է, սակայն ինչպես փաստում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտությունները՝ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ տարեց ծնողներին հիմնականում խնամում են դուստրերը:
Փորձագետները կարծում են, որ այս փաստերը հանրայնացնելը եւս կնպաստի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման նվազմանը:
Փորձագետի խոսքով. «Մարդիկ ուզում են տղա երեխա ունենալ, որպեսզի երբ մեծանան, էդ տղան հոգ տանի, խնամի իրենց: Բայց, ցավոք սրտի, մենք արդեն ունենք այնպիսի իրականություն, որտեղ տղան հոգ չի տանում ծնողների մասին: Մենք այսօր ունենք արական սեռի հսկայական արտագաղթ, եւ, ըստ էության, ծնողների համար հոգ են տանում կա՛մ հարսները, կա՛մ աղջիկները: Հայաստանում իրականում տարեց ծնողների խնամքն ընկած է կանանց ուսերին….»:

Մտածելակերպի փոփոխության տեսանկյունից փորձագետները կարեւոր են համարում նաեւ այն դիրքորոշումը, ըստ որի` տղան անպայմանորեն պետք է մնա եւ ապրի ծնողների հետ ու հոգ տանի նրանց մասին մինչեւ նրանց կյանքի վերջը. «Մեր ծնողները մտածում են, որ իրենց տղան պետք է անպայմանորեն իրենց հետ ապրի, բայց ժամանակակից աշխարհում բոլոր երեխաները, անկախ սեռից, 18 տարին լրանալուն պես՝ գնում են ու առանձին ապրում: Նշված հանգամանքը մեր հայ ծնողները ծանր են տանում: Երբ մշակույթը դառնա այնպիսին, որ հասուն մարդն իր ընտանիքով առանձին ապրի, էդ դեպքում տղան էլ առանձին կապրի, աղջիկն էլ, բայց երկուսն էլ կպահեն իրենց ծնողներին, եւ նման հարց էլ չի առաջանա: Այդ ամեն ինչը մշակութային հիմք ունի… այսինքն` այն հարցը, թե ով պետք է ծնողի հետ ապրի, չի առաջանա, որովհետեւ մենք դեռ այն հասարակությունում ենք, որտեղ ամբողջովին միջուկային ընտանիքներ չեն, ու ծնողները տղաներին աշխատում են պահել իրենց կպած»:

Փորձագետները կարծում են, որ մայրության ինստիտուտի ապահովության հաստատումը եւս խնդրի լուծում է. «Առաջինը կնոջ սոցիալական ապահովությունն է` մայրության ապահովության իմաստով: Այսինքն` մայրության ապահովության, մայրության ինստիտուտի օրենսդրության բարձրացմանն ուղղված քայլերը, որոնք տնտեսական հարաբերություններում ավելի կնվազեցնեն կնոջ խոցելիությունը ու նաեւ ավելի կհեշտացնեն կնոջ մայրանալու եւ մայրությունը ապահովելու գործընթացները: Մենք մտածում ենք` նրանց միայն միանվագ գումարները կտանք: Բայց դա խնդիրը չի լուծի, որովհետեւ անգամ էլեմենտար դիտարկումներով երեւում է` այդ կինը չի կարողանա իր երեխային մինչեւ 3 տարեկանը խնամել, եթե չունի միջինից բարձր աշխատավարձ, եթե չունի ծնողներ` ամուսնու կամ իր կողմից, այդ դեպքում երեխան ահռելի «բեռ» է: Այդ կինը, փաստորեն, երեք տարով դուրս է գալիս աշխատանքի շուկայից…»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

16.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031