Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան երեկ ներկայացած հումորիստ, դերասան Վահագն Սիմոնյանը՝ «Պոնչոն», միայնակ չանցավ մետաղաորսիչ սարքի տակով: Նրա հետ էր երկու օր առաջ նրա պաշտպանությունը ստանձնած ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիանա Բալյանը: Նշանակված ժամից կես ժամ ավելի սպասելով դատախազին, տուժողին, դատավոր Գագիկ Պողոսյանը սկսեց դատական նիստը: Նա հայտնեց, որ դատարանին անհայտ պատճառներով նիստին չեն ներկայացել մեղադրողը, տուժող Ռուբեն Գալստյանը: Դատարանը միաժամանակ տեղեկացրեց, որ տուժողը նախորդ դատական նիստին սուտ տեղեկություններ էր հայտնել դստեր վերաբերյալ, թե իբր նա ամուսնացել է, գնացել է Ռուսաստանի Դաշնություն, որպես հայր էլ չգիտի նրա գտնվելու վայրը, հետեւաբար, չի կարող մասնակցել դատական նիստին՝ որպես վկա:
Դատավոր Պողոսյանը հարցումներ էր ուղարկել պատկան մարմիններին, թե արդյոք տուժողի դուստրը հատե՞լ է Հայաստանի սահմանը, ինչպե՞ս, պարզվել էր, որ Դիանա Գալստյանը այս տարվա սեպտեմբերի 15-ից սահմանը չի հատել: Դատարանը նրան բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց:
Հիշեցնենք, որ 2015 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի 36 Բ շենքի դիմաց, դերասանը վիճել էր իր զոքանչի հարեւանի՝ Ռուբեն Գալստյանի հետ:
Ըստ մեղադրական եզրակացության ձեւակերպման, դերասանը «չնչին առիթն օգտագործելով, սեփական անձի գերազանցելիությունն ու կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված», «ուղղակի դիտավորությամբ», «հասարակական կարգը կոպիտ խախտելով եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել» տուժողի հասցեին եւ «որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ»:
Դատարան ներկայացած վկաները բացահայտեցին «զենքի» տեսակը՝ «էլեկտրահարող սարքը»: Ընդ որում՝ մի վկա ասաց, թե դերասանը հարցրել է, թե դա ոնց է օգտագործվում, միանում, մյուսն ասաց, թե տեսել է, որ փորձել է դրանով հարվածել տուժողին:
Մեղադրանքի կողմը պնդել էր, թե Վահագն Սիմոնյանը, գետնից «քար» վերցնելով, հարվածել է տուժողի գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանին քերծվածքների ձեւով պատճառել առողջության թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Վ. Սիմոնյանը տաքսի ավտոմեքենան նստելով՝ զանգել էր ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակիցները կողմերին տեղափոխել էին Էրեբունու բաժին։ Նախորդ դատական նիստի ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը նշեց, որ Վահագնի կողքին դեպքի ժամանակ եղած փաստաբանը տեղափոխվել է ոստիկանության բաժին, իսկ մեկ այլ վկա ոստիկան էլ ասաց, թե Վահագնը եղել է մենակ:
Կարդացեք նաև
Փոխադարձ վեճի ժամանակ արյունոտվել էր Վահագնի փաստաբանի՝ Գեւորգի վերնաշապիկը, բայց ոչ թե տուժողի արյունն էր դա, այլ Վահագնի, որին ոստիկանության բաժնից անմիջապես անգիտակից վիճակով տեղափոխել էին հիվանդանոց: Վերջինս «Առավոտին» ասում է, որ իր նկատմամբ տուժողն է մահափորձ իրականացրել, մինչդեռ իրեն են մեղսագրել խաղալիք-էլեկտրաշոկով տուժողի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց գալիք տարվա հունվարի 20-ին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
16.12.2016