Կամ՝ XX դարի Փարիզի ամենահայտնի բնորդուհիները
Նրանք իբրեւ բնորդ աշխատել են Փարիզի ամենահայտնի լուսանկարիչների, նկարիչների ու արվեստի էլիտայի ներկայացուցիչների մոտ` անցյալ դարասկզբին: Կիկին` Մոնպառնասից, Նուշ Էլյուարը, Ժաննա Էբյուտերնը, Ռենե Պերլը, Գալան, Ջուլիետ Բրաուները` այս կանայք համարվել են ժամանակի ամենագեղեցիկ ու առեղծվածային բնորդուհիները, որոնք կարողացել են ոգեշնչել Մոդիլիանիին, Դալիին, Պիկասոյին եւ այլ վարպետների:
Ալիս Էռնեստինա Պրենը 12 տարեկանում փախել է տնից եւ 14 տարեկանից բնորդություն արել քանդակագործական արվեստանոցներում: Փարիզում նա հայտնի էր որպես Կիկի` Մոնպառնասից: 1920թ. ճակատագիրը նրան կապեց նորաձեւության եւ դիմանկարների լուսանկարիչ Ման Ռեյի հետ: Հենց այս ծանոթության շնորհիվ Կիկիի անունը հավերժ մնաց ֆրանսիական արվեստում: «Էնգրի ջութակը» հանրահայտ աշխատանքը ոչ միայն հեղինակին ճանաչում բերեց, այլեւ անձամբ մոդելին: Կիկիին անվանեցին ավանգարդի մուսա: Նրան նկարեցին Պեր Կրոգը, Ֆուժիտան, Քիսլինգը եւ այլ նկարիչներ:
Պաբլո Պիկասոյի եւ Ման Ռեյի համար 1920-1930 թթ. բնորդուհի աշխատած դերասանուհի Մարիա (Նուշ) Բենցի գեղեցկությունը իր ժամանակի համար մոգական է համարվել: Իմիջիայլոց, նա եղել է Պոլ Էլյուարի կինը: Էլյուարը նրան «Թեթեւ» խորագրով բանաստեղծությունների մի ամբողջ շարք է նվիրել ու գրքի ձեւավորման համար օգտագործել է հենց Ման Ռեյի լուսանկարը:
Ազգությամբ ռումինուհի մոդել, մանեքենուհի եւ բնորդուհի Ռենե Պերլը 1920-1930 թթ. համարվել է հայտնի լուսանկարիչ Ժան-Անրի Լարտիգի մուսան: Հետագայում Ռենեն դարձավ նրա սիրեցյալը եւ գլխավոր մոդելը: Նա համարվել է 20-րդ դարի ամենագեղեցիկ կանանցից մեկը: Լուսանկարիչը նրա մասին մի առիթով գրել է, որ Ռենեի գեղեցկության արտացոլումը տեսնում է բոլոր կանանց ու տղամարդկանց աչքերում, ու Ռենեյի շուքից բոլոր նրա կողքին գտնվողները գեղեցկանում են:
Պարուհի Ջուլիետ Բրաուները եղել է Ման Ռեյի բնորդուհին, հետագայում նաեւ կինը: Ընդ որում՝ այդ ժամանակ նա 29 տարեկան էր, Ման Ռեյը` 50: Լուսանկարչի մահից հետո հրատարակվեց նրա ալբոմը` «Ջուլիետի 50 դեմքերը» խորագրով:
Ամեդո Մոդիլիանիի կրքի մարմնացումն ու ամենասիրած բնորդուհին ֆրանսիացի նկարիչ եւ մոդել Ժաննա Էբյուտերն էր:
Նա Մոդիլիանիի գեղանկարչության գլխավոր թեման էր մինչեւ արվեստագետի կյանքի վերջը: Նկարիչն այս գեղեցկուհու 20 դիմանկար է նկարել:
Փարիզյան բոլոր մուսաներից ամենահայտնին, թերեւս, Գալան էր՝ ռուս էմիգրանտուհի Ելենա Դյակոնովան: Նա ոգեշնչել է բանաստեղծ Պոլ Էլյուարին, նկարիչ Մաքս Էռնստին, իսկ ավելի ուշ դարձել է սյուրռեալիստ Սալվադոր Դալիի կինը, բնորդուհին, մենեջերը եւ բնականաբար՝ ոգեշնչողը: Բոլորին զարմացնում էր, թե ինչպես է այս կնոջը հաջողվում համատեղել մոր, կնոջ, սրտակից ընկերոջ ու սիրուհու դերերը՝ Դալիի համար: Երբ Դալին հանդիպեց Գալային, նա ամուսնացած էր Պոլ Էլյուարի հետ եւ ուներ բազմաթիվ սիրեկաններ: Գալան նաեւ 10 տարով մեծ էր Դալիից: Դա չկանգնեցրեց նկարչին, նա հայտարարեց, որ Գալան ստեղծված է իր համար եւ նրան միշտ տեսել է իր երազներում: Գալան էլ ասաց, որ Էլյուարը տաղանդ է, իսկ Դալին հաճար ու գնաց Դալիի հետեւից: Հանճարեղ նկարիչը ողջ կյանքում «չկշտացավ» Գալայից ու սիրեց նրան խենթի նման, նաեւ անընդհատ նկարեց՝ համարելով գեղեցկագույնը կանանց մեջ:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Ըստ kulturologia.ru-ի
«Առավոտ»
16.12.2016