Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսությունը ղեկավարվում է սակավաթիվ օլիգարխների կողմից, որոնք օգտվում են երկրի աշխարհաքաղաքական մեկուսացումից». «Ազատություն»

Դեկտեմբեր 16,2016 23:20

«Հայաստանը շրջադարձի վրա է՝ տնտեսության վիճակը շարունակում է մնալ վատ, բնակչությունը սկսում է հոգնել քաղաքական գործիչներից ու նրանց որոշումներից, մինչ անվտանգության մակարդակը գնալով վատանում է, ինչն ակնառու դարձավ ապրիլին՝ Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմի ժամանակ», – փաստում է Քարնեգի հիմնադրամի ծավալուն զեկույցը՝ անկախության 25 տարիների վերաբերյալ:

«Հայաստանի իշխող վարչակազմի ու ժողովրդի միջև անդունդ է խորանում՝ պաշտոնական Երևանի վերահսկողությունից դուրս գտնվող մի շարք երևույթների ու իր իսկ թույլ տված սխալների պատճառով», – արձանագրում է կենտրոնի եվրասիական գծով առաջատար փորձագետ Փոլ Ստրոնսին՝ ընդգծելով՝ հայաստանցիներն այլևս պատրաստ չեն նախկինի նման հաշտվել սահմանափակ ժողովրդավարության ու տնտեսական դժվարին կացության հետ միայն հանուն անվտանգության:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքական համակարգը որակելով քաոսային, փորձագետը նշում է՝ ընդդիմախոսները կարող են քննադատել կառավարությանն ու հրապարակավ քննարկել խնդիրները, սակայն, ընտրությունների կամ սահմանադրական այլ ճանապարհով քաղաքականության վրա ազդելու հնարավորությունը մնում է սահմանափակ:

«2008-ի քաղաքական ճգնաժամը՝ տասը զոհերով, ի սկզբանե ստվերեց Սերժ Սարգսյանի նախագահությունը, ով ստիպված էր բախվել մի շարք մարտահրավերների՝ պաշտոնը ստանձնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին», – փաստում է փորձագետը՝ բավական մանրազնին կենտրոնանալով երկրորդ և երրորդ նախագահների ու նրանց թիմերի միջև ի հայտ եկած տարաձայնությունների վրա․ – «Սարգսյանի և Քոչարյանի ճամբարների միջև բարձր խաղադրույքներով մանևրումը ի ցույց է դնում քաղաքական համակարգ, որտեղ գերակշռում են ինտրիգներն ու կուլիսային խաղերը, մինչդեռ հասարակությունը, մեծ հաշվով, ներգրավված չէ»։

Տնտեսությունն այսօր ղեկավարվում է սակավաթիվ օլիգարխների կողմից, որոնք օգտվում են երկրի աշխարհաքաղաքական մեկուսացումից, և այս առումով, ըստ փորձագետի, Հայաստանը շատ քիչ նմանություն ունի Ուկրաինայի հետ, որտեղ մոնոպոլիզացված տնտեսության հետ մեկտեղ առկա է մրցակցային քաղաքական դաշտ: «Մենաշնորհները, կոռուպցիայի բարձր մակարդակը, թույլ արդարադատությունը, ոչ թափանցիկ քաղաքական համակարգն ու պատերազմի շարունակական վտանգը ստիպում են մարդկանց հեռանալ երկրից», – փաստում է զեկույցը՝ ընդգծելով՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով հայաստանցիների մոտ 24 տոկոսը 2015 թվականին ապրել է երկրի սահմաններից դուրս:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ փորձագետը նշում է՝ այժմ մի քանի ընդդիմադիր ուժեր բանակցում են դաշինք կազմելու շուրջ, սակայն առայժմ հստակ չէ՝ արդյո՞ք այդ կուսակցությունների առաջնորդները կկարողանան հաղթահարել անձնական ու քաղաքական թշնամանքը, մի բան, որ խնդիր է տևական ժամանակ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031