ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Մեղրի քաղաքի 54-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները։
2016թ. դեկտեմբերի 4-ին «Մեղրիի ՏԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանում հանկարծամահ է եղել Մեղրի քաղաքի 54-ամյա բնակիչը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում դատաբժշկի կողմից դիակի վրա հայտնաբերվել են մահվան հետ պատճառական կապ չունեցող վնասվածքներ` ձախ ուսահոդի հոդախախտի, ձախից 3-րդ, 4-րդ, 5-րդ, կողերի և ձախ ազդրոսկրի միջին երրորդականի փակ կոտրվածքների ձևով:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի թիվ 860-Ն որոշման համաձայն՝ ազդոսկրի բաց և փակ, ինչպես նաև կողոսկրերի կոտրվածքներն առաջացնում են ընդհանուր աշխատունակության 1/3-ից ավելի կայուն կորուստ։
Համաձայն մահվան մասին բժշկական վկայականի՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան, ինչն առաջացել է լյարդի ցիրոզի հետևանքով:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու՝ ծանր մարմնական վնաս ստանալու հանգամանքները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին