Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդիպենք, տեսնենք ՝ ով, ով է. պարոն Ախոյանին ազատամարտիկի մունդիր հագած Սարգիսն է ասում»

Դեկտեմբեր 16,2016 19:07

Ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը, ի պատասխան ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի՝ իր հասցեին ուղղված որակումներին , թե ազատամարտիկի մունդիր հագած ապականում է ազատամարտիկի պատիվը, հակադարձեց. «1990 թվականից ծառայել եմ ՀՀ հատուկ գնդում, առաջին վաշտում՝ Ջիվան Աբրահամյանի վաշտում: 1992 թվականի օգոստոսի 24-ին երկրորդ անգամ չեմ վիրավորվել, դարձել եմ դիակ: Եթե արժանիքներ չունենայի, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1993 թվականի սուղ պայմաններում ինձ Ֆրանսիա բուժվելու չէր ուղարկի, որ ձեռք ու ոտքս չկտրեն:

Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ինձ ներկայացրել էին պարգեւի, ես ասացի՝ պարոն նախագահ, խնդրում եմ այդ պարգեւը տվեք Ջիվանի հետ զոհվածների ծնողներին: Իմը առողջական խնդիր է, ու նախագահը Բաբլոյանին ու մի քանի հոգու հանձնարարել էր շատ շտապ գան հիվանդանոց, տեսնեն՝ ինչը ոնց  է, դասավորեն, որ ինձ ուղարկեն: Դա պարոն Ախոյանին՝ ազատամարտիկի մունդիր  հագած Սարգիսն է ասում: Եթե ինքը պատգամավոր է, թող իրեն կոռեկտ պահի: Ես իր ընկերոջը՝ «Արցախբանկի» մասնաճյուղի Աշոտ Մալխասյանին չեմ խնդրել՝ գումարը տուր Արագած Ախոյանին, ոնց որ ինքն է  ներկայացնում Արագոյին»:

Aravot.am- ի հետ զրույցում ազատամարտիկը անդրադարձավ նաեւ պատգամավորի ասածներին, թե եթե այդպես շարունակվի, ինքն ու ազատամարտիկը կհանդիպեն իրավական դաշտում. «Ինքը ազատամարտիկից թույլտվությո՞ւն է հարցնում դիմի իրավական դաշտ, թե՝ ոչ: Խնդրեմ, թող դիմի դատարան, ես կներկայանամ իմ ընկերների հետ, թող ինքն էլ իր ընկերների հետ գա, իրավական դաշտում հանդիպենք, տեսնենք ՝ ով, ով է: Եթե պատգամավոր է, չի նշանակում, որ կարող է վիրավորել ազատամարտիկին…ինձ է  տանում, թե հոգեվարքի մեջ եմ, հոգեվարքի մեջ դուք եք… ես ցանկություն չունեմ, որպես մարդ նման մարդու հետ շփվել»:

Ինչ վերաբերում է պատգամավորի պնդմանը, թե Սարգիս Ղազարյանը քաղաքական մի ուժի պատվեր է իրականացնում, պարոն Ղազարյանը ասաց. «Ես չունեմ պատվիրատու, որեւէ քաղաքական ուժ ինձ չի պատվիրել, որ Արագած Ախոյանի անունը սեւացնեմ, ինքն է  շարունակում, ինքն է իր անունը սեւացնում: Եթե կա նման քաղաքական գործիչ կամ ուժ, ինչո՞ւ չի հայտարարում, ի՞նքն էլ է վախենում»:

Հիշեցնենք, որ ազատամարտիկը պնդում է, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իրեն հանիրավի դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով: Մինչդեռ, ազատամարտիկի եւ «Արցախբանկի» նախկին աշխատակից Անուշ Շահրամանյանի միջեւ նոտարական վավերացմամբ կնքվել է փոխառության պայմանագիր, կա ստացական, որ ազատամարտիկն է գումարներ տվել նրան, սակայն երբ մայր գումարը պահանջել է, իր նկատմամբ քրեական գործ են հարուցել վաշխառության համար: Ինքը որեւէ մեկին պարտք չէ, այլ պարտք է բանկի նախկին աշխատակիցը՝ մինչեւ 54 000 դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար: Ազատամարտիկն ավելի վաղ նաեւ հայտարարել էր, որ այդ կնոջ զոհերը բազմաթիվ են, որ այդ գործում խառնված են բարձրաստիճան անձինք՝ այդ թվում ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031