Բանկոմատը թալանած անձանց իրավապահ մարմինները դեռ չեն հայտնաբերել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի Բաղրամյան փողոցում գործող բանկոմատից գումարի հափշտակման փորձ է կատարվել, իսկ Սարյան փողոցի վրա գտնվող «Ագբա Կրետիդ ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատից պայթեցման միջոցով հափշտակել են 7.5 միլիոն դրամ:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Aravot.am-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվեց՝ թե գործն ի՞նչ ընթացքում է, գումարը հափշտակողները հայտնաբերվե՞լ են, թե՝ ոչ:
Կարդացեք նաև
«Քննության շահերից ելնելով եւ քանի որ իրականացվում են ակտիվ, օպերատիվ- որոնողական եւ քննչական գործողություններ, այլ մանրամասներ չենք հրապարակում»,-ասաց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Քրեական գործ է հարուցել նաեւ «ՎՏԲ-Հայաստան» բանկի բանկոմատից գումար հափշտակելու փորձի առթիվ: «ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող բանկոմատից հափշտակության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Ըստ քննչական կոմիտեի՝ «2016 թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 08:45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատին ամրացված են գազի բալոն եւ այլ համակարգ:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 04:15-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, փորձել է պայթյունի եղանակով բացել բանկոմատը եւ հափշտակել առկա՝ առանձնապես խոշոր չափերով գումարը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ