«Դատաքննության ընթացքում հենց Գեղամ Խաչատրյանը հայտարարեց, որ ինքը եռապատիկ հայհոյանքով պատասխանել է Գեւորգ Սաֆարյանին: Ստացվում է՝ մեղադրող դատախազն օրինականացրեց եւ համարեց, որ ոստիկանը ՀՀ քաղաքացիներին հայհոյանքներ մաղթելով, այն էլ Ամանորի գիշերը, կատարում է իր պաշտոնական պարտականությունները»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստից հետո ասաց նրա պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ անդրադառնալով մեղադրող դատախազի ներկայացրած պատժաչափին:
Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդեց Սաֆարյանին դատապարտել ազատազրկման երկու տարի վեց ամսով:
«Սա իշխանության դիրքորոշումն է եւ մեղադրողի դիրքորոշումը: Այսինքն, անկախ նրանից, թե ոստիկանն ինչ է կատարում, եթե մատյանով գրանցված է , որ հերթապահություն պետք է կատարի, ըստ մեղադրողի նշանակում է, որ իր պաշտոնական պարտականությունն է կատարում, հետեւաբար, նրա նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի: Մինչդեռ, այդ հայհոյանքները թե տեսագրությամբ կա, թե Գեղամ Խաչատրյանը դատարանում տղայական ձեւով հայտարարեց, որ ամեն մի հայհոյանքին եռապատիկ հայհոյանքներով պատասխանել է: Սա է ոստիկանության դեմքը, դատախազության մոտեցումը ոստիկանության նման լկտի պահվածքին»,- ասաց պարոն Հայրապետյանը:
Իր պաշտպանյալի պատժաչափի վերաբերյալ դատախազի միջնորդությամբ, ըստ պարոն Հայրապետյանի, ակնհայտ դարձավ, որ քննիչների կողմից բացթողումներն ու խայտառակ խախտումներն անտեսվեցին. «Բնականաբար պետք է մի բան ասեր՝ երկուսուկես տարի ասաց»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դատարանից ակնկալիքներ ունեք, փաստաբանը պատասխանեց. «Եթե հիշում եք սկզբից Մարտիրոս Մնացականյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրինք, գաղտնիք չէ, որ դատավորը բավականին փորձված դատավոր է, որ դատավորը տիրապետում է բոլոր հմտություններին, նույնպես գաղտնիք չէ: Այստեղ ակնհայտ պետք է հետեւյալը լինի, մեր կարծիքով, դատավորը չի կարող մեղադրական վճիռ կայացնել: Իմ խորին համոզմամբ, նույն Մնացական Մարտիրոսյանը արդարացման վճիռ կկայացնի, եթե՝ ոչ, միանշանակ կարելի է ասել, որ քաղաքական պատվեր է, Գեւորգ Սաֆարյանի քաղբանտարկյալ լինելը կհաստատվի հենց դատավճռով»:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է Ամանորի գիշերը ազատության հրապարկում տոնածառ տեղադրելու փորձի ժամանակ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իմ ել խորին համոզմամբ,
այս մէկն ել նստելու է գոնէ մինչեւ հառաջիկա ընտրությունների ավարտը: