«Ըստ էության, հասարակությունը պետք է պատրաստվի երկարատեւ հակամարտության: Պետք է տրամադրվել, մշակել ծրագրեր, որոնք կնպաստեն երկարաժամկետ եւ արդյունավետ լուծումներին»,-այսօր «Միասնություն» համազգային շարժման կազմակերպած «Հասարակություն-Բանակ-Պետություն» քննարկման ժամանակ խոսելով Արցախյան հակամարտության մասին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Անդրադառնալով բանակի մարտահրավերներին՝ նա նախեւառաջ ընդգծեց որոշակի ձեռքբերումները. «Հինգ տարի առաջ բանակում սնունդը շատ ավելի վատն էր, քան այսօր, սպանություններն ավելի շատ էին, քան այսօր»:
Ապա ընդգծեց ռազմական կրթության խնդիրները. «Ռազմական ինստիտուտներում եւ վարժարաններում չորս տարի սովորելով՝ տղաները կտրվում են հասարակությունից, ապա մեկնում ծառայելու: Այդ ժամանակը անցկացնում են փակ տղայական շրջապատում, հաճախ այնպիսի մթնոլորտում, որտեղ վատ բարքերն ընդունված են: Էլ չեմ ասում, որ այդ ընթացքում ամուսնանալու հնարավորություն չունեն»:
Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, հայաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում կարելի է միջազգային փորձը կիրառել. «Զինվորական կրթությունը զուգահեռ անցնում է քաղաքացիական բուհերում, իսկ շրջանավարտները դառնում են ռազմական տնտեսագետ, ռազմական բժիշկ ու կառավարիչ: Ծրագիրը ներկայացրել եմ պաշտպանության նախարարությանը, կարծես թե հետաքրքրություն կա: Հուսով եմ՝ հնարավոր կլինի դա ներդնել, որ զինվորները լինեն հասարակության մասը: Պատկերացրեք՝ ինչ գեղեցիկ է համալսարանում տեսնել զինվորական համազգեստով երիտասարդների»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ