Չնայած տեղումներին՝ այս պահին Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, բոլորը երթեւեկելի են: Միայն թե նեղ ճանապարհները, օրինակ՝ Ջաջուռի հատվածը, որն այսպես ասած վտանգավոր գոտում է, մշտապես բքի տակ է հայտնվում, լայնացնում են, որպեսզի մեքենաների խցանումներ չլինեն ու խուսափեն արտակարգ պատահարներից: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
«Փորձում ենք հնարավորության սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք մաքրել, վերջացնել: Որեւէ միջադեպ այս պահի դրությամբ չկա, Երեւանի երկու ճանապարհներն էլ բաց են, երկու կողմից էլ երթեւեկելի են»,-վստահեցրեց մարզպետարանի պաշտոնյան:
Կարդացեք նաև
Խաչատուր Խնձրցյանի տեղեկացմամբ, ինքը քիչ առաջ եղել է Շիրակ գյուղի Գյումրու ճանապարհահատվածում, այս մասը եւս բաց է, երթեւեկելի: «Մեր Ռոտորն աշխատում է այդտեղ ու հարակից գյուղերում», -ասաց Խաչատուր Խնձրցյանը:
Հիշենենք, որ նախորդ օրը այդ հատվածը փակվել էր. մեծ թվով մեքենաներ՝ մոտ 30 հատ կեսօրին խցանվել էին Շիրակ գյուղի հատվածում, մնացել բքի տակ, իսկ մեքենաներում եղել էին նաեւ մանկահասակ երեխաներ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ