ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեցին ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք», «Լավագույն մարզական բակ» ավանդական ստուգատեսի, ինչպես նաեւ մարզական փառատոնի արդյունքները:
Մրցութային հանձնաժողովի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը նշեց, որ ՀՀ նախագահի մրցանակի համար ստուգատեսին մասնակցել է 8 քաղաք, 9 գյուղական համայնք եւ 11 մարզական բակ, իսկ ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում անցկացված մարզական փառատոնին՝ ՀՀ քաղաքային 43, գյուղական 5 համայնք, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:
Փոխնախարարը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը տեղերում ստուգայցեր կատարելիս առաջնորդվել է բացառապես անաչառության սկզբունքով եւ ըստ կանոնակարգով սահմանված չափորոշիչների եղել է խիստ պահանջկոտ, ինչի արդյունքում «Լավագույն մարզական բակ» անվանակարգում 2-րդ եւ 3-րդ մրցանակներ չեն շնորհվել:
Կարդացեք նաև
Խաչիկ Ասրյանը հանձնաժողովի քննարկումների եւ որոշման արդյունքներով ստուգատեսի երեք անվանակարգերում հաղթած լավագույն վարչական միավորների ներկայացուցիչներին հանձնեց ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեից սահմանված դրամական խոշոր պարգեւներ եւ հավաստագրեր, իսկ Հանրապետական մարզական փառատոնի հաղթողներին՝ գավաթներ եւ հավաստագրեր:
Մարզական փառատոնը լավագույնս կազմակերպած Աշտարակ, Եղեգնաձոր, Արթիկ, Ալավերդի, Արտաշատ, Իջեւան, Սեւան եւ Սիսիան քաղաքներն արժանացան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի շնորհակալագրերի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ