Trump Organization’s-ը հայտարարել է, որ դադարեցնում է բիզնես նախագծերը Բրազիլիայում և Ադրբեջանում՝ շահերի բախումից խուսափելու համար: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Կազմակերպության գործադիր փոխտնօրեն և գլխավոր խորհրդական Ալան Գարթերը հայտարարել է, որ դա այսպես կոչված «մաքրման» քայլ է, և կազմակերպությունը «գնահատում է տարբեր գործարքների ապագան»:
Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր մամուլի ասուլիս հրավիրել՝ բիզնեսից հեռանալու իր ծրագրերի մասին խոսելու համար, սակայն ասուլիսը հետաձգվել է մինչև հունվար:
Գործակալությունը գրում է, որ ավելի քան 20 երկրներում Թրամփի նախագծերը, եթե շարունակեն մնալ այդ ընտանիքի ձեռքում, կարող են ազդել այդ երկրներում նրա քաղաքականության վրա: Օրինակ, Բրազիլիայում Թրամփի անունը հեռացվել է Ռիո դե Ժանեյրոյի ափամերձ հյուրանոցներից մեկից այն բանից հետո, երբ ներդրումների հարցով քրեական գործ էր հարուցվել։
Կարդացեք նաև
Բայց քիչ երկրներ կան, որտեղ գործընկերների ու կառավարության միջև կապն այնքան խորն է և այնքան ուղղակի, որքան Ադրբեջանի դեպքում, գրում է գործակալությունը: Շահերի պոտենցիալ բախման բնույթն այստեղ հատկապես սուր է:
Bloomberg-ը կարծում է, որ Ադրբեջանի դեպքում գլխավոր հարցը Թրամփի գործընկերներն են: Այս երկրում Թրամփի հիմնական գործընկերը Garant Holding-ի 35-ամյա հիմնադիր, օլիգարխ Անար Մամեդովն է, որը Ադրբեջանի տրանսպորտի և հաղորդակցության նախարար, նախագահ Իլհամ Ալիևի մերձավոր շրջապատից Զիյա Մամեդովի որդին է:
«Նման գործընկերները, որոնք կապված են տարբեր երկրներում քաղաքական ռեժիմների հետ, ստեղծում են լոյալություն, որը կարող է շատ մտահոգիչ լինել, երբ նախագահը պետք է արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշում կայացնի»,- գործակալության հետ զրույցում ասել է իրավաբան Ռիչարդ Փեյնթերը:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի խոսքով՝ մտահոգություն կա, որ կառավարությունը կփորձի ազդել նախագահի վրա՝ ֆինանսավորելով Բաքվում Trump Tower-ի շինարարության ավարտը կամ ապահովելով, որ գումարները շարունակեն հոսել անգամ եթե հյուրանոցը չբացվի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ