Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հարցս Սեյրան Օհանյանին` արդյոք Վահագնի թաղամասում գտնվող չորս հարկանի առանձնատունը կծառայի՞ որպես այդ ընդդիմադիր կառույցի շտաբ». Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 16,2016 17:33

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, խոսելով Գագիկ Ծառուկյանի և Սեյրան Օհանյանի` քաղաքականություն վերադառնալու մասին, «Հայելի» ակումբում հռետորական հարցեր հղեց. «Հարցս ուղղում եմ Սերժ Սարգսյանին՝ արդյոք մենք կրկեսի վերածելու հայրենիք ունե՞նք: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի` ընդդիմադիր դաշտ վերադառնալուն, ապա հարցս Սեյրան Օհանյանին` արդյոք Վահագնի թաղամասում գտնվող չորս հարկանի առանձնատունը կծառայի՞ որպես այդ ընդդիմադիր կառույցի շտաբ»:

Մրցակցության մասին Ալեն Սիմոնյանն ասաց. «Բնական է` յուրաքանչյուր կուսակցություն մրցակից է, կան ավելի թույլ և ուժեղ մրցակիցներ: Ես փաստն եմ արձանագրում, որ բոլորդ լսել եք Սերժ Սարգսյանի շուրթերից արտահայտությունը, որ մենք կրկեսի վերածելու երկիր չունենք»:

Այս առիթով պարոն Սիմոնյանին լրագրողները հիշեցրին այն, որ իրենք էլ ինչ արտահայտություններ ասես, որ թույլ չէին տալիս Էդմոն Մարուքյանի հասցեին, բայց, ի վերջո, նրա հետ դաշինք կազմեցին. «Այո, դաշինքներն իրենց սպառել են, բայց մեր դաշինքն ունի այլ նկարագիր ու դա երկարաժամկետ` մեկ կուսակցություն դառնալուն միտված դաշինք է»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը Գագիկ Ծառուկյանի վերադարձի առիթով հայտարարեց, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները. ««Յուրաքանչյուր ոք իր գործունեության մեջ ազատ է: Ուղղակի քաղաքականությունը քաղաքական գործիչների համար է: Չեմ ուզում խոսել այն մարդկանց մասին, որոնց գերագույն մարմնի նիստով կարող են վերածվել ոչ քաղաքական գործիչների և մեկ տարի հետո վերածվել քաղաքական գործիչների»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, անդրադառնալով Սեյրան Օհանյանի` քաղաքականություն վերադառնալուն, նշեց. «Ընդդիմադիրներին որպես թշնամիների պետք չէ ընկալել: Ասել, որ իշխանությունները հայրենասեր են, իսկ ընդդիմադիրները՝ ոչ, սա արդեն պատմության գիրկն է անցնում: Մենք քաղաքական ուժերից ոչ մեկին ՀՀԿ-ի հակառակորդ չենք համարում: Մրցակիցներ ունենք, հակառակորդներ` ոչ»:

Պարոն Դավթյանը հորդորեց չպիտակավորել քաղաքական գործընթացները, այլ ուշադրություն դարձնել ընտրությունների անցկացմանը, խախտումների բացահայտմանն ու կանխմանը. «Մեր ընդդիմախոսներն անընդհատ նույն փոցխի վրա են կանգնում: Բայց ես չեմ տեսնում նրանց հակաքայլերը: Ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին պետք է ուշադրություն դարձնեն: Վանաձորի և Գյումրու ընտրությունները վառ ապացույց են այն բանի, որ եթե լավ ես պատրաստվում, ապա ցանկալի արդյունք ստանում ես: Փոխադարձ վստահության մեջ անցկացվող ընտրությունների արդյունքները կարող են վերջ դնել թշնամական հարաբերություններին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031