2016թ.-ի դեկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն հինգերորդ տարին:
Մրցանակաբաշխությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (Խորհուրդ), որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Մրցույթի նպատակն է խրախուսել այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկանց թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը:
Այս տարվա հոկտեմբերի 17-ին հայտարարված մրցույթում ընդգրկվել են 2015 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016թվականի հոկտեմբերի 31-ը հրապարակված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին վերաբերող տպագիր, առցանց, ռադիո և հեռուստատեսային լրագրողական նյութերը: Մրցույթին ներկայացվել է 12 լրագրողական նյութ: Ներկայացված աշխատանքները դիտարկվել և գնահատվել են ժյուրիի կողմից նախապես մշակված չափորոշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբունքներով:
Կարդացեք նաև
Մրցանակների հանձնման արարողությանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը և ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:
Այնուհետև մրցույթի կազմակերպիչ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը հայտարարեց մրցույթի արդյունքները: Ըստ Ժյուրիի անդամների գնահատականների՝ մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ նյութերը.
1. Հեռուստատեսություն և ռադիո անվանակարգ
Առաջին տեղի մրցանակակիր- Նունե Հովսեփյան -Երկիր մեդիա հ/ը, Դիտակետում հաղորդաշար
https://www.youtube.com/watch?v=-HjaWKbTNEs&feature=share
Երկրորդ տեղի մրցանակակիր – Արմեն Հայրապետյան- Ար հ/ը, Հատուկ թղթակից նախագիծ
Երրորդ տեղի մրցանակակիր – Սոնա Խաչատրյան- Երկիր մեդիա հ/ը,
2. Տպագիր և առցանց լրատվամիջոցներ անվանակարգ
Առաջին տեղի մրցանակակիր չկա
Երկրորդ տեղի մրցանակակիր – Իննա Վեռլինսկայա- АМИ «Новости-Армения», https://newsarmenia.am/cards/kak-ne-stat-zhertvoy-trafikinga/
Երրորդ տեղի մրցանակակիր – Թագուհի Մելքոնյան- Yerkir.am, https://www.yerkir.am/news/view/115792.html
Մրցանակակիրներին հանձնվեցին հավաստագրեր, ինչպես նաև մրցանակային տեղերի համար սահմանված դրամական պարգևներ՝ 300, 200 և 100 հազար դրամ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար:
Արարողությանը ներկա էին Խորհրդի և խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներ, պետական պաշտոնյաներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և լրագրողներ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մամուլի հաղորդագրություն