«5 փուլ ունենալը ձգձգում չեմ համարում»,- դեկտեմբերի 16-ին «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում, անդրադառնալով Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրին, ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Նա հավելեց, որ Հայաստանը բավականին լայն փաթեթի հավակնություն ունի. «Դա 1-2 էջանոց համաձայնագիր չէ: Բոլոր ոլորտների ուղղությամբ կարգավորումներով, պայմանավորվածություններով բավականին մեծ փաստաթուղթ է, հետեւաբար՝ ես ձգձգում չեմ համարում: Ուրիշ հարց է, որ շահագրգռված ենք, որ լինի հնարավորինս արագ բոլոր փուլերով, հետո նաեւ նրա վավերացման գործընթացը, կյանքի կոչման: Ես այդ տեսակետից հուսով եմ, որ հաջորդ տարվա գարնանը այս գործընթացը կավարտվի, որովհետեւ իմ տպավորությունն է, որ պետք է կա՛մ 2, կա՛մ 3 փուլ լինի, ոչ ավել»:
Կարեն Բեքարյանը հավելեց, որ համաձայնագիրը չվավերացնելու որեւէ պատճառ չի տեսնում. «Բանակցողները բանակցային գործընթացի ընթացքում ինչ-ինչ հարցեր մշտական ճշգրտման մեջ են դնում, այսինքն՝ վերջում այնպես չի դառնում, որ այս երկրի պաշտոնյաների համար այդ փաստաթուղթն իր մեջ անակնկալներ կարող է պարունակել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ