Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխացավի դեղերի համար դեղատոմս պետք չէ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2016 15:10

Երեկվանից «Դեղերի մասին» նոր օրենքն ուժի մեջ է մտել եւ քաղաքացիներին դեղատներում հրաժարվում են մի շարք դեղամիջոցներ` այդ թվում եւ հակաբիոտիկներ, առանց դեղատոմսի վաճառել: Սա քաղաքացիների շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել, քանի որ չգիտեն` մյուս դեղերն է՞լ, օրինակ` գլխացավի կամ այլ ցավազրկողներ, պետք է դեղատոմսով ձեռք բերեն:

Այսօր առողջապահության նախարարությունում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, նշեց, որ այն բոլոր դեղերը, որոնք դեղատոմսով դուրս գրվող չեն, քաղաքացին կարող է ձեռք բերել ազատ, առանց դեղատոմսի, առանց քանակների սահմանափակման` դեղատներից:

Ըստ Սերգեյ Խաչատրյանի, եւ դեղատոմսով ձեռքբերվող եւ առանց դեղատոմսի դեղերի ցանկը կա առողջապահության նախարարության կայքէջում  եւ քաղաքացիները կարող են ծանոթանալ:

Մանրամասները` տեսանյութում

Քաղաքացիների այն մտահոգություններին, թե նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դեղերն այլեւս հատով չի վաճառվելու, առողջապահության փոխնախարարն ասաց, որ որեւէ սահմանափակում չի լինելու եւ դեղը հատիկով վաճառվելու է, սակայն հատավաճառի դեպքում պայմաններն ավելի են խստացվել: Օրինակ`  առանձնացված դեղահաբի փաթեթավորման վրա պարտադիր պետք է գրվի դեղի անվանումը, ժամկետը, որը տվյալ դեպքում ավելի պակաս պետք է նշվի, դեղ տվողի անունը եւ այլն:

Պարոն Խաչատրյանն այսօր ամփոփեց անցնող տարին` անդրադառնալով նաեւ մայրական եւ մանկական մահացության ցուցանիշներին, որը նախորդ տարիների համեմատությամբ նվազել է: Այսպես` 2016 թվականին արձանագրված մայրական մահացության 10 դեպքից  7–ի պատճառն, ըստ փոխնախարարի, եղել են հղիության հետ չկապված ախտաբանություններ (լյարդի սուր անբավարարություն եւ լյարդային կոմա,  գեներալիզացված տուբերկուլոզային ինտոքսիկացիա, գլխուղեղի անոթների ինքնաբուխ պատռվածք տանը)։ Մյուս 3 դեպքերում մահվան պատճառը հետծննդյան արյունահոսությունն է եւ հեմոռագիկ շոկը:

Արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում: Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն` 2016թ. 11 ամսվա ընթացքում 0-1 տարեկան երեխաների մահերի բացարձակ թիվը կազմել է 325` 2015 թ. նույն ժամանակահատվածի  336 դեպքի համեմատությամբ:

Սերգեյ Խաչատրյանի տվյալներով, 0-5 տարեկան երեխաների մահացությունը նույնպես կրճատվել է: Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, 2016թ. 11 ամսվա ընթացքում 0-5 տարեկան երեխաների մահերի բացարձակ թիվը կազմել է 376` 2015 թ. նույն ժամանակահատվածի  398 դեպքի համեմատությամբ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031