Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանի կառավարությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում շարունակական աշխատանքներ է իրականացնում միջուկային նյութերի մաքսանենգության դեմ պայքարում

Դեկտեմբեր 16,2016 13:49

ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի նախագահությամբ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Կանխել աղետը. ոչ պետական դերակատարների կողմից զանգվածային ոչնչացման զենքի տարածումը և կիրառումը դադարեցնելու գլոբալ օրակարգ» թեմայով բաց քննարկում, որը բացեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը: Ելույթով հանդես եկան ավելի քան յոթ տասնյակ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը։

Իր խոսքում դեսպան Մնացականյանը, մասնավորապես նշեց, որ ներկայումս մենք առերեսվում ենք ոչ պետական դերակատարների` ահաբեկիչների և այլ հանցավոր խմբերի կողմից զանգվածային ոչնչացման զենքերի տարածման և կիրառման աճող վտանգին, ինչը լուրջ սպառնալիք է համընդհանուր անվտանգության համար: «Գլոբալիզացիայի պայմանները դյուրացրեցին ոչ պետական դերակատարների` ահաբեկիչների և այլ հանցավոր խմբերի համար քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ և միջուկային զենքի ձեռքբերման և կիրառման հնարավորությունները: Նշված խմբերից որոշները կարող են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթել իրենց նպատակներին հասնելու համար: Թեև առկա տեխնիկական արգելքները դեռևս կանխարգելում են վերջիններիս կողմից դրանց առաքման ժամանակակից միջոցներ արտադրումը, այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ զինատեսակների մահաբեր հետևանքները, թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ անգամ փոքրածավալ հարձակումները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Այսօրվա հրամայականն է` մշակել միջուկային ոլորտի՝ միջազգային համագործակցությամբ զուգորդվող ազգային վերահսկողության և չտարածման մեխանիզմ, կանխել այդ զենքի տարածումն ու կիրառումը ոչ պետական` ահաբեկչական և այլ հանցավոր խմբերի կողմից» – իր խոսքում շեշտեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։ Դեսպանի խոսքով, Հայաստանը մեծ կարևորություն է տալիս միջուկային անվտանգության հարցերին ներպետական և միջազգային հարթություններում՝ մշակելով համապատասխան ներքին օրենսդրություն, վավերացնելով ու կիրառելով միջազգային իրավական համաձայնագրեր: Զոհրաբ Մնացականյանը հիշատակեց նաև ՀՀ Կառավարության 2015թ. որոշումը` Մեծամորի ատոմակայանի ֆիզիկական և միջուկային տեղակայանքների անվտանգության հզորացման մասին:

ՀՀ մշտական ներկայացուցիչը հավելեց, որ Հայաստանը նաև ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի կոմիտեի հետ՝ նշելով, որ այս ոլորտի կարգավորման նպատակով ընդունված Հայաստանի ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը նախանշում է հստակ քայլեր` ուղղված իրագործվող միջոցառումների վերանայմանը և հետագա ծրագրերի մշակմանը: «Մենք նաև ակտիվ ներգրավված ենք զենքի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք ծրագրերում, որոնց թվին են դասվում «Միջուկային ահաբեկչության կանխարգելման գլոբալ նախաձեռնություն»-ը և «Տարածման անվտանգության նախաձեռնություն»-ը: Հայաստանի կառավարությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում շարունակական աշխատանքներ է իրականացնում միջուկային նյութերի մաքսանենգության դեմ պայքարում», – ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031